Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասներին մահակով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրն ու նրան ընկերներն ազատ են արձակվել:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, որը ներկայացվել էր նրանց կալանավորելու որոշման դեմ: Այս մասին մեր զրույցում ասաց նրանց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ պաշտպանյալներին կալանավորելու հիմքերը բացակայել են:
Սարգիս Հակոբյանն ու իր ընկերները կալանքի տակ մնացին մոտ մեկ ամիս: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սույն գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Արթուր Պետիկյանին:
Դատալեքսում տեղադրվել է նաեւ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Ըստ այդմ՝ Սարգիս Հակոբյանին, Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին, Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 20.04.2018թ. ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց, մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով և որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ: Սույն գործով դեռ նիստի օր չի նշանակվել: