Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ամբողջությամբ բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունը և բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն կատարելու համար Հասմիկ Սարգսյանին 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռը և վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ վերջինս հնարավորություն է ստեղծում, հղիության հանգամանքը հաշվի առնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառմամբ հետաձգել պատժի կրումը, իսկ հետագայում, դատապարտյալի հակաիրավական նոր գործողություններից զերծ մնալու դեպքում, քննարկելի դարձնել ընդհանրապես պատժի կրումից նրա ազատվելու հարցը:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 սեպտեմբերի 29-ի դատավճռով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հ. Սարգսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն) նախատեսված հանցագործության կատարման համար և դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվի առնելով այնպիսի ծանրացնող հանգամանք, ինչպիսին է առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությունը՝ նախկինում ամբաստանյալը երկու անգամ կրկին դատապարտվել էր նույնաբույթ ծանր հանցագործությունների համար։ Ընդ որում վերջին երկու հանցանքները կատարել էր փորձաշրջանի ընթացքում, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և ռեալ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու անվերապահ հիմք է, ինչն էլ հիմք էր ընդունվել դատարանի կողմից։