00:00:00

Ես ասում եմ՝ ԱԱԾ-ն չի գա. Տարոն Մարգարյանի աներորդին ԱԱԾ-ին չի սպասում իր եւ Մարգարյանի տանը

03:27, 21 հունիս 2018

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, վստահեցնում է, որ Ազգային անվտանգության ծառայության ստուգումներից ու բացահայտումներից ինքն ու Տարոն Մարգարյանը չեն մտահոգվում։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, թե ԱԱԾ աշխատակիցներին սպասում են միայն հյուրի կարգավիճակում։ «Ո՛չ, ընդհանրապես մտահոգություն չունեմ: Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, չի երեւո՞ւմ, որ լավ աշխատում է, տեսանելի չէ՞, ինչի՞ համար պիտի ԱԱԾ-ն գա ստուգելու։ Որպես հյուր կարա գա: Ես վախենալու բան չունեմ, խնդրեմ, թող գա խուզարկություն կատարի»,- ասաց Ռոբերտ Սարգսյանը։ Նա հայտարարեց, թե սեփականությունն ամբողջությամբ հայտարարագրել է, եւ ում որ հետաքրքրում է իր ունեցվածքի մասին տեղեկությունը, կարող է ծանոթանալ։ «Ինչ ունեմ, իմ քրտինքով աշխատած ա, օրինական ճանապարհով աշխատած ա։ 10-20 հազար հոգի իշխանության անդամներ են, բոլորին պիտի այցելե՞ն»,- ասաց Ռոբերտ Սարգսյանը։ Հարցին՝ ինքն ու Տարոն Մարգարյանն ԱԱԾ աշխատակիցներին այս օրերին սպասո՞ւմ են իրենց տանը, պատասխանեց. «Գան, ի՞նչ անեն, ինչի՞ համար պիտի խուզարկություն կատարեն: Ես ասում եմ՝ չի գա։ Ես չեմ սպասում ԱԱԾ-ին»: Հիշեցնենք, որ քաղաքապետարանի գործունեությունը, մասնավորապես՝ «Երեւան» հիմնադրամի, արդեն իսկ իրավապահների ուշադրության կենտրոնում է. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ-ն օրեր առաջ առգրավեց հիմնադրամի փաստաթղթերը, իսկ տնօրենը ձերբակալվեց, ապա ստորագրությամբ ազատ արձակվեց: Պարզվել էր, որ հիմնադրամ մուտք գործած գումարների մի մասը հափշտակվել է:

news.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր