00:00:00

Հաճելի էր փոփոխությունների դրամատիկ պահից հետո Երևանը տեսնել որպես ժպիտների քաղաք. հոդված Washington Post-ում

18:39, 15 հունիս 2018 Աշխարհ

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post օրաթերթի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով օրերս ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» ամենամյա մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը, հրապարակել է հոդված Հայաստանում նախորդ ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ արձանագրելով, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունեցել: «Եթե դուք լավ լուրերի եք սպասում հեռու հեռավոր երկրից, ահա Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը». այս խոսքերով է սկսում հոդվածը ամերիկյան պարբերականի հայտնի լրագրողը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշում է, որ ներկայում երկրում իշխանության է եկել երիտասարդ բարեփոխիչների թիմ՝ նկատելով, որ դա կարևոր սկիզբ կարող է լինել՝ ընդդեմ ողջ աշխարհում առկա միտման, որով ազատության ու լավ կառավարման ցուցանիշներն անկում են ապրում: «Ներկայում այստեղ ասես տոնական մթնոլորտ լինի, քանի որ հայերը վայելում են նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որպես «սիրո ու համերաշխության հեղափոխություն» որակված դեպքերի արդյունքները: Փողոցներում նվագախմբերը երգեր են կատարում, մարդիկ հանրային վայրերում սպոնտան կերպով ողջունում են Փաշինյանին, հետխորհրդային մշուշը, թվում է, որ այս պահի դրությամբ մաքրվել է»,- նշում է Իգնատիուսը: Նա պատմում է, որ հունիսի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Խոսելով հեղափոխությանը հաջորդող քայլերի մասին՝ Փաշինյանն Իգնատիուսին ասել է, որ իր առաջնահերթ նպատակներից է լինելու վերջ տալ կոռուպցիային: «Ես չեմ պատրաստվում հրամաններ տալ դատավորներին,  սակայն մենք փորձելու ենք հստակեցնել ու պատասխանատվության ենթարկել ամենակոռումպացված անձանց»,- ասել է ՀՀ վարչապետը: Լրագրողը նշում է, որ մենաշնորհների դեմ պայքարելու նպատակով  վարչապետին անհրաժեշտ է կապիտալիզացնել նոր, ավելի փոքր ընկերությունները, և գուցե դա հնարավոր լինի ազգային ներդրումային բանկի միջոցով: «Անցյալի գրավիտացիոն դաշտը կոտրելը Փաշինյանից կխլի իր ողջ իդեալիզմն ու էներգիան: Նա ինձ ասաց, որ շատ հավանական է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնի հոկտեմբերին կամ նոյեմբերին»,- գրում է Իգնատիուսը: Նա նշում է, որ Հայաստանն այն հարցն է, որի դեպքում ինքը չի կարողանում չեզոք դիրքում մնալ՝ հաշվի առնելով, որ իր հոր ընտանիքը հայկական արմատներ ունի: Պատմելով Հայաստանում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխության մասին՝ Իգնատիուսը նկատում է, որ Հայաստանը թե՛ պատմականորեն, թե՛ հետխորհրդային ոչ վաղ անցյալում ավելի քան վատ պահեր է ունեցել: «Հաճելի էր փոփոխությունների դրամատիկ պահից հետո Երևանը տեսնել որպես ժպիտների քաղաք»,- եզրափակում է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր