00:00:00

Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու. Հրանտ Բագրատյանը կուտակայինի հարցով դիմել է Փաշինյանին

22:10, 13 հունիս 2018 Տնտեսություն

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին կուտակային կենսաթոշակի խնդրի հետ կապված եւ ասել, որ վարչապետը հնարավորություն ուներ այն չեղարկելու: Ներկայացնում ենք Հրանտ Բագրատյանի գրառումը ստորեւ. «Նիկոլ, հարգելի բարեկամ, մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ Եվ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։ Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։ 1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։ 2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6%- հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են): Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։ 3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ի՞նչու ենք 45 տարով տալիս։ Ի՞նդու չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապատություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի: Այս ամենը չի քննարկվել։ Կառավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ի՞նչու։ Որոովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ի՞նչու չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։ Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր