Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունը, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման որոշումներ հայ ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն՝ առանց դրսից եկող հուշումների»,-ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ Վադեֆուլի հայտարարությունները, որոնք արվել են Հայաստանում և Ադրբեջանում, նոր չեն և տեղավորվում են ԵՄ ապակառուցողական գործողությունների շարքում:
Եվրամիությունը, նրա խոսքով, ձգտում է Հարավային Կովկասում սեփական նարատիվներն առաջ տանել ոչ թե հանուն ինչ-որ բանի զարգացման, այլ Ռուսաստանին դուրս մղելու և լարվածության նոր օջախներ ստեղծելու նպատակով։
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված չէ ճգնաժամերով և հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին:
«Հենց ռուսական ակտիվ մասնակցությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին, մշակել հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչը և հավելել, որ Ռուսաստանը, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները և նրանց հարևանները, հավատարիմ է տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին: Նա վստահեցրել է, որ այդ մոտեցումն ընկած է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության հիմքում:
«Կարող եմ հավաստիացնել, որ այն կակտիվանա հերթական փուլում»,-ասել է Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու «անհրաժեշտությունը»՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար: