00:00:00

Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արգիշտի Դարբինյանը․ «Ժողովուրդ»

08:30, 21 նոյեմբեր 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանը Ազգային ժողով է եկել բիզնեսի և էներգետիկ համակարգի ոլորտից։ Մինչև պատգամավոր դառնալը նա աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով նաև «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, իսկ ավելի ուշ աշխատել է Հայ գործարարների ասոցիացիայում։

ArmLur.am-ն ուսումնասիրել է ընդդիմադիր պատգամավորի պաշտոնական կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի նա, որքան գումար է հայտարարագրել և ինչ եկամուտներ է ստացել։

Արգիշտի Դարբինյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 23-ին Վանաձորում։ 2010 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժինը։

2008-2021 թվականներին եղել է «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ի տնտեսագետը։ 2010-2021 թվականներին ղեկավարել է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի «Արգիշտի» հյուրանոց մասնաճյուղը։

2021-2022 թվականներին աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի «Աբովյան» էլեկտրական ցանցի պետի էներգաիրացման հարցերով տեղակալ։ 2022-2025 թվականներին ղեկավարել է ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» էլեկտրական ցանցը։ 2025 թվականին եղել է «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի էներգաիրացման հարցերով տեղակալ, ապա՝ նույն մասնաճյուղի տնօրեն։

2025-2026 թվականներին աշխատել է Հայ գործարարների ասոցիացիայում՝ որպես ծրագրերի ղեկավար։

2026 թվականի հունիսի 7-ին Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Նա ներկայացնում է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից ընդգրկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ զբաղեցնելով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ է հայտարարագրել պատգամավորը։

Անշարժ գույք․

Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ Արգիշտի Դարբինյանը հայտարարագրել է իրեն պատկանող 6 միավոր անշարժ գույք։

Մասնավորապես, 2024 թվականի նոյեմբերի 8-ին գնման եղանակով ձեռք է բերել բնակարան՝ Երևանի Ավան վարչական շրջանում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին նվիրատվությամբ ստացել է հասարակական նշանակության շինություն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

2017 թվականի հուլիսի 12-ին գնման եղանակով ձեռք է բերել երկու հողամաս՝ Լոռու մարզի Բազում բնակավայրում։

Նույն տարվա օգոստոսի 10-ին ձեռք է բերել ևս մեկ բնակարան՝ Երևանում։

Բացի այդ, 2023 թվականի մարտի 16-ին գնման եղանակով ձեռք է բերել մեկ բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ։

Այսպիսով, պատգամավորի հայտարարագրում առկա են երեք բնակարան, երկու հողամաս և մեկ հասարակական նշանակության շինություն։

Տրանսպորտային միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արգիշտի Դարբինյանը հայտարարագրել է չորս ավտոմեքենա։

Նրա ավտոպարկում առկա է 2023 թվականի արտադրության ZEEKR մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024 թվականի սեպտեմբերի 2-ին։

Բացի այդ, հայտարարագրել է երկու 2021 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Դրանցից մեկը ձեռք է բերել 2021 թվականի հունիսի 25-ին, մյուսը՝ նույն տարվա նոյեմբերի 27-ին։

Պատգամավորի ավտոպարկում առկա է նաև 2002 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի հոկտեմբերի 12-ին։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրում ևս ուշագրավ տվյալներ կան։

Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 856 հազար 435 դրամ։

Միաժամանակ, կանխիկ դրամով հայտարարագրել է 50 հազար 500 ԱՄՆ դոլար և 27 միլիոն 402 հազար 500 դրամ։

Այսպիսով, միայն հայտարարագրված կանխիկ գումարը կազմում է 50 հազար 500 դոլար և 27 միլիոն 402 հազար 500 դրամ, իսկ բանկային հաշիվներում ունեցել է ևս 856 հազար 435 դրամ։

    

Եկամուտներ․

ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև պատգամավորի ներկայացրած եկամուտները։

Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում Արգիշտի Դարբինյանը Հայ գործարարների ասոցիացիայից աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 7 միլիոն 624 հազար 976 դրամ։

Բացի աշխատավարձից, «Արդշինբանկից» ստացել է 125 հազար 451 դրամ՝ որպես տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց տոկոսային եկամուտ։ Պատգամավորը նաև մի շարք անձանցից նվիրատվություններ է ստացել։ Մասնավորապես՝

Աշոտ Ղալթաղչյանից՝ 200 հազար դրամ,

Մայիլյան Մենուա Արայից՝ 150 հազար դրամ,

Ավագյան Հայկ Դավիթից՝ 598 հազար դրամ,

Հակոբյան Հայկազ Ռազմիկից՝ 1 միլիոն 500 հազար դրամ,

Ղազարյան Աննա Սուրիկից՝ 6 միլիոն դրամ։

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 1 միլիոն 576 հազար 200 դրամ։

Ընդհանուր առմամբ, հայտարարագրած եկամուտները կազմել են 17 միլիոն 774 հազար 627 դրամ։

Վարկային պարտավորություններ․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց նաև, որ Արգիշտի Դարբինյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 37 միլիոն 475 հազար 935 դրամ վարկային պարտավորություն, որը կապված է բնակարանի ձեռքբերման հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր