Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին հայտնել է, որ մասնագիտական հմտությունների ուսուցման ծրագրի շրջանակում Թուրքիան կընդունի 10 հազար ռոհինջա փախստականի։ Ռոհինջաները (Rohingya) Մյանմայի՝ հիմնականում Ռախին նահանգում բնակվող մահմեդական էթնիկ փոքրամասնություն են, գրում է ermenihaber.am-ը:
Փոխվարչապետի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը համաձայնել է ընդունել փախստականներին։ Նախաձեռնությունը նպատակ ունի ավելի համակարգված և մարդասիրական լուծում տալ Մալայզիայում ռոհինջա փախստականների խնդրին։
Ծրագիրն իրականացվելու է Թուրքիայի իշխանությունների, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) և համապատասխան կառույցների համագործակցությամբ։ Այն ներառելու է մասնակիցների ընտրություն, մասնագիտական ուսուցում, փաստաթղթավորում և վերաբնակեցում։
Նախաձեռնությունը կարող է դառնալ 2017-ին Մյանմայում ռոհինջաների նկատմամբ իրականացված բռնություններից հետո նրանց վերաբնակեցման խոշորագույն ծրագրերից մեկը։ «UNHCR»-ի տվյալներով՝ փետրվարի վերջին Մալայզիայում գրանցված է եղել Մյանմայից շուրջ 193 հազար փախստական, որոնց մոտ երկու երրորդը ռոհինջաներ են։