Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ գիշերային զանգվածային հարվածի ժամանակ Լեհաստանի տարածքում ընկել են ռուսական երկու հրթիռ և, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, տեղեկացնում է BBC-ն:
Նա նշել է, որ Х-101 հրթիռն ընկել է Նովի Լիպովեցում, մյուս հրթիռը՝ Ռուդնիկ-Նադ-Սանեմում, իսկ Մոլոդիչ բնակավայրում ընկել է, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով ԱԹՍ։ Տուժածներ չկան, հաղորդումներ չեն ստացվել կարևոր ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։
Կոսինյակ-Կամիշը Ուկրաինայի ուղղությամբ գիշերային հարձակումն անվանել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածայիններից մեկը, իսկ Լեհաստանի օդային տարածքի խախտումը՝ «Ռուսաստանի հերթական սադրանք»։
Միաժամանակ Նովա Դեմբայում՝ այն շրջանի հարևանությամբ, որտեղ գործողություններ են իրականացրել Լեհաստանի ռազմաօդային ուժերը, նախատեսված էին Ուկրաինային աջակցող երկրների՝ այսպես կոչված «Կամեցողների կոալիցիայի» զորավարժությունները։
«Թե՛ զորավարժությունները, թե՛ դրանցում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Բալթյան երկրների պաշտպանության նախարարների, ինչպես նաև ութ գլխավոր շտաբների պետերի, այդ թվում՝ մեր առանցքային դաշնակից երկրների ներկայացուցիչների ներկայությունը հիմք են տալիս ենթադրելու, որ այս իրադարձությունները պատահականորեն չեն համընկել»,-կարծիօք է հայտնել Կոսինյակ-Կամիշը։
Նույն մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Իրենեուշ Նովակը հայտնել է, որ լեհ զինվորականները երկրի սահմանին արձանագրել են 11 օբյեկտ, որոնք կարող էին մուտք գործել երկրի օդային տարածք։ Ի վերջո, դրանցից երեքը հատել են սահմանը։
Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրավիրել էր կառավարության արտահերթ նիստ՝ հայտնելով երկրի օդային տարածքի խախտման մասին։