Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են։ Այս մասին մարշալ Բաղրամյանի անվան՝ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկացնում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ողջույնի խոսքում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է վետերանական շարժման նշանակությունը պատմական հիշողության պահպանման և Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր անցնում են մի փուլ, որը պահանջում է փոխըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Սակայն ինչպիսին էլ փոխվի քաղաքական իրադրությունը, մեր ժողովուրդների համար ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակները, մարշալ Բաղրամյանի կերպարը մնում են հզոր միավորող գործոններ։ Հենց միասնության շնորհիվ մենք հաղթեցինք ամենածանր պատերազմում, և հենց դրա վրա պետք է հենվել՝ պատասխանելով արդիականության մարտահրավերներին», - ասել է Կոպիրկինը։