Քրեական ոստիկանության Սյունիրքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ հետագա միջոցառումներին իրենց գործուն ներդրումն ունեցան նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները։
Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից ու քննչական գործողություններից հետո, համագործակցելով նաև մայրաքաղաքի պարեկների հետ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15․15-ին, թմրամիջոց ձեռք բերելու պահին Արարատյան փողոցում իրավապահները ձերբակալեցին Երևանի 39 և 41 տարեկան երկու բնակչի։ Նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ նրանց վարած մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Ձերբակալման վայրում հայտնաբերվել է վեց կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։