Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է իրավիճակ, որում, մի կողմից, գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխությունը իրագործած եւ ժողովրդի վստահությունը վայելող ուժին, մյուս կողմից, սակայն, Ազգային Ժողովի կազմը, ձեւավորված լինելով 2017 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում, շարունակում է արգելք լինել երկրի զարգացման եւ արմատական փոփոխությունների համար։ Երկրի կայունությանը վտանգող եւ պետական արդյունավետ կառավարումը խոչնդոտող քաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական այնպիսի ընտրությունների անցկացումն է, որոնց արդյունքներն անվիճելի կլինեն հանրության համար եւ որոնց ազատ եւ արդար բնույթը որեւէ կասկածի ենթակա չի լինի։
Մեր մշտական համոզմունքն է եղել, որ սեփական իշխանություն ընտրելու ժողովրդի իրավունքի հարգումը եւ երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը պահանջում է ընդամենը պետական իշխանության հստակ եւ աներեր քաղաքական կամք։ Օրենսդրական որեւէ դրույթ կամ օրինականության վերահսկման որեւէ մեխանիզմ չեն կարող երաշխավորել ժողովրդավարական ընտրություններ, եթե այդ կամքը բացակայում է։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում ամհրաժեշտ է պետական իշխանությանը զինել ընտրությունների օրինականության երաշխավորման բոլոր անհրաժեշտ գործիքներով։
Նկատի ունենալով, որ նոր, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը իր առաջնային նպատակներից է հռչակել Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումը, Հայ Ազգային Կոնգրեսը անհրաժեշտություն է համարում վերաիմաստավորել և վերափոխել ողջ ընտրական համակարգը` համապատասխանեցնելով այն քաղաքակիրթ աշխարհում ընդունված հիմնարար սկզբունքներին:
Կարեւորելով ընտրատեղամասերում ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների կառուցման շուրջ ձեռք բերված այնպիսի արմատական նվաճումները, ինչպիսիք են, մասնավորապես, ընտրողների մասնակցության ստորագրված ցուցակների հրապարակումը եւ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղակայումը, միեւնույն ժամանակ վստահ ենք, որ երկրում զարգացող ժողովրդավարական գործընթացը հիմք է ստեղծել ավելի խորքային փոփոխությունների համար, որոնք ուղղված կլինեն ընտրակաշառքի, ընտրողների վրա վարչական, քրեական եւ մասնավոր ընկերությունների կողմից ճնշումների վերացմանը եւ քաղաքացիների ազատ կամքի անարգել դրսեւորմանը։
Այսպիսով, Հայ Ազգային Կոնգրեսը
- Վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը (առաջարկությունների ամբողջական փաթեթը կցվում է սույն հայտարարությանը առանձին հավելվածով)։
- Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև Համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։
- Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը /կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչեւ 6 տարի սահմանելով/, եւ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:
- Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձին Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
- ընտրակաշառքը
- բազմակի քվեարկությունը
- ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն <քվեարկությունը>
- ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը
- ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները
- լցոնումները
- վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը
- անպատժելիությունը (ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը)
- բողոքարկման համակարգի փաստացի չգործելը:
- Ընտրակաշառքը
- Բազմակի քվեարկությունը: ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն քվեարկությունը:
- Ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը: Լցոնումները:
- Ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները:
- Բողոքարկման համակարգը
- Այլ փոփոխություն