00:00:00

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը

23:38, 28 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Արաբական ծոցի զարգացման ծրագիր» (AGFUND) կազմակերպության՝ «Մարդկային զարգացման ոլորտում Արքայազն Թալալի անվան միջազգային մրցանակաբաշխության» 27-րդ արարողությանը։ 

Միջոցառմանը մասնակցել են Նորին Մեծություն Իսպանիայի թագուհի Սոֆիան, AGFUND-ի տնօրենների խորհրդի և մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, դիվանագետներ, դեսպաններ, մրցանակաբաշխության կոմիտեի անդամ այլ բարձրաստիճան հյուրեր։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով.

«Ձերդ մեծություն թագուհի Սոֆիա,

Ձերդ արքայական բարձրություն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդ,

Հարգելի՛ հյուրեր,

Հարգելի՛ ներկաներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ «Արքայազն Թալալ» մարդկային զարգացման միջազգային մրցանակաբաշխության առիթով։

Շնորհակալությունս եմ հայտնում Զարգացման արաբական ծոցի ծրագրին՝ այս արժեքահենք նախաձեռնության և այն Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու որոշման համար։ Խորհրդանշական է, որ մրցանակաբաշխությունը հյուրընկալվում է Հայաստանում՝ ներկայումս ընթացող Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի՝ COP17-րդ  համաժողովի համատեքստում։

Այսօր, երբ աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերների, նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունն ավելի է մեծանում. նախաձեռնություններ, որոնք ի ցույց են դնում, որ զարգացման իրական արժեքը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև մարդկանց կյանքի որակով, նրանց հնարավորություններով և ապագայի նկատմամբ վստահությամբ։

Հարգելի՛ ներկաներ,

Հարկ եմ համարում ընդգծել, որ այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է «Մատչելի և մաքուր էներգիա» նպատակին և այն պարունակում է կարևոր ուղերձ առ այն, որ մարդկանց բարեկեցությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը փոխկապակցված են, և տևական առաջընթացը հնարավոր է միայն դրանց համատեղ իրականացմամբ:

Մեր խնդիրն է ապահովել, որ էներգետիկ անցումը ոչ միայն ամրապնդի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, այլև ստեղծի զարգացման նոր հնարավորություններ՝ դրա օգուտները հասանելի դարձնելով հասարակության բոլոր շերտերին։

Հայաստանը կարևորում է Կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ։ Այս կարևոր պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է համատեղ և հետևողական քայլեր ձեռնարկել՝ դիմակայելու կլիմայի փոփոխությանը, կենսաբազմազանության կորստին, հողերի դեգրադացմանն ու աղտոտմանը։ Բնության պահպանությանն ուղղված այս ջանքերը գործնական արդյունքների վերածելու անհրաժեշտությունն է արտահայտում նաև «Գործել հանուն բնության» խորագիրը, որի ներքո անցնում է երևանյան  COP17-ը։

Այդ միջոցառմանն  ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովը համախմբեց քաղաքական առաջնորդների և այլ գործընկերների՝ վերահաստատելու բնության պահպանության հարցում քաղաքական կամքի և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։ Գագաթնաժողովի շրջանակում ընդունված «Երևանի հռչակագիրը՝ գործելով հանուն բնության» նախաձեռնությունն ընդգծում է, որ բնության պահպանությունը պետք է դառնա ոչ միայն բնապահպանական քաղաքականության, այլև տնտեսական և զարգացման որոշումների անբաժանելի մասը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօրվա մրցանակակիրների հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրական փոփոխությունները հնարավոր են դառնում, երբ նորարարական գաղափարները զուգակցվում են հետևողական աշխատանքով և պատասխանատվությամբ:

Շնորհավորում եմ նախապես բոլոր մրցանակակիրներին և շնորհակալությունս հայտնում այն արժեքավոր աշխատանքի համար, որն իրականացնում են հանուն կայուն ապագայի կառուցման:

Երախտագիտությունս եմ հայտնում Զարգացման արաբական ծոցի ծրագրին՝ մարդկանց բարեկեցությանը ծառայող երկարամյա գործունեության և միջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը համատեղ նախաձեռնությունների սկիզբ կդառնա՝ հաջողված փորձը վերածելով զարգացման նոր հնարավորությունների։

Հարգելի՛ հյուրեր,

Թող մեր ընդհանուր ջանքերն ուղղված լինեն մի աշխարհի կառուցմանը, որտեղ տնտեսական առաջընթացը համադրվում է սոցիալական արդարության, բնության պահպանության և յուրաքանչյուր մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ։

Շնորհակալություն»:

Արարողության ընթացքում պարգևատրվել են մաքուր էներգետիկայի և մարդկային զարգացման ոլորտում նորարար լուծումներ առաջարկած չորս նախագծեր։ 

Մրցանակները հանձնել է Արաբական ծոցի երկրների զարգացման ծրագրի նախագահը՝ արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը:

Ծրագրերն ընդգրկում են հետևյալ ուղղությունները՝ կլիմայակայուն ջրամատակարարման համակարգեր, պարենային անվտանգություն և կենսապահովման կայուն միջոցներ, թափոններից կենսավառելիքի ստացման տեխնոլոգիաներ, ինչպես նաև արևային էներգիայով աշխատող ոռոգման ծառայություններ փոքր ֆերմերային տնտեսությունների համար։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար և բաշխվում է չորս անվանակարգերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր