Հունաստանը վերջին շաբաթներին ամեն օր Էգեյան ծովի հյուսիս-արևելյան հատվածում ֆիքսում է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի թռիչքները: Այս մասին հայտնում է Kathimerini թերթը՝ հղում անելով հունական իշխանությունների ներկայացուցիչներին։
Ըստ նրանց տվյալների՝ անօդաչուների ակտիվությունը կարող է պայմանավորված լինել Թուրքիայի՝ օգոստոսի 16-ի որոշմամբ, որով ծովային երկու տարածք հայտարարվել են ազգային պարկ։ Դրանցից մեկը գտնվում է Ֆեթհիեի և Քաշի միջև՝ ընդգրկելով հունական Կաստելորիզո կղզու ակվատորիան, իսկ երկրորդը ներառում է Ռոդոստոյի ու Չանաքքալեի մերձափնյա շրջանը՝ աշխարհագրորեն տարածվելով Սամոթրակի և Լեմնոս կղզիների միջև։
Հունական իշխանությունների փոխանցմամբ՝ անօդաչուները տեղակայված են Դարդանելի նեղուցի մոտ գտնվող Չանաքքալեի շրջանում, որտեղից էլ իրականացնում են թռիչքներն ու վերադառնում։ Դրանք թռչում են մոտ 17 հազար ֆուտ (շուրջ 5,2 կիլոմետր) բարձրության վրա՝ Սամոթրակիի և Ալեքսանդրուպոլիսի հատվածներում։
Kathimerini-ի աղբյուրները կարծում են, որ Bayraktar-ները կիրառվում են հիմնականում հետախուզության և դիտարկման նպատակով։ Ընդ որում, անօդաչուները խոչընդոտներ չեն ստեղծում քաղաքացիական ավիացիայի համար։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ դրանք համակարգված կերպով չեն մտնում Հունաստանի օդային տարածք, սակայն արձանագրված խախտումների դեպքում դրանք կասեցնում են հունական F-16 կործանիչները։
Հունական իշխանությունները չեն բացառում նաև թուրքական անօդաչուների ակտիվության և Էվրոս գետի շրջանում ծավալվող իրադարձությունների միջև կապը, որտեղ Հունաստանն արգելապատնեշ է կառուցում սահմանի այն հատվածում, որը Թուրքիան իր տարածքն է համարում։
Օդային տարածքի խախտումների առաջին բռնկումը գրանցվել է օգոստոսի 17-ին՝ Թուրքիայի կողմից ծովային երկու պարկերի մասին հայտարարելուց մեկ օր անց։ Այդ ժամանակ Հունաստանի ՌՕՈՒ-ն հայտնել էր CN-235 ծովային պարեկային ինքնաթիռի և երեք անօդաչուների կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների մասին։ Օգոստոսի 25-ին հունական օդային տարածքում ֆիքսվել էին արդեն չորս Bayraktar-ի և մեկ CN-235-ի թռիչքներ։
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական թռչող սարքերը հայտնաբերվել և խոցվել են Էգեյան ծովի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան հատվածներում՝ միջազգային նորմերին և սահմանված կարգին համապատասխան։
Թուրքական անօդաչուների թռիչքները շարունակվել են. չորեքշաբթի օրը հունական իշխանությունները դարձյալ հայտնել են օդային տարածքի նոր խախտումների մասին։