Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին Թուրքմենստանում, հայտնել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» լրատվական ծրագիրը։
Ըստ աղբյուրի՝ առաջնորդների միջև զրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ-ում Թուրքմենստանի նախագահության շրջանակում Համագործակցության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 9-ին «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում, և Փաշինյանին հրավիրել է մասնակցելու դրան։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն զարգացման ամրապնդմանը, վայելում է միջազգային հանրության լայն աջակցությունը, ինչպես նաև հայտնել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա այդ գագաթնաժողովին», — ասված է հաղորդագրության մեջ։