00:00:00

Այսօր ավելի խոր խնդիր է, որ երբեմն մոտ ենք եկեղեցուն, բայց հեռու ենք Քրիստոսից, մենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով. Իսահակ Սրբազան

15:41, 30 հուլիս 2026 Քաղաքականություն

Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության մեջ ունենում է պահեր, երբ պետք է ոչ միայն հիշի, թե որտեղից է եկել, այլև հարցնի՝ ո՞ւր է գնում։ Այդպիսի պահերը դատաստանի պահեր չեն։ Դրանք Աստծու կողմից տրված հնարավորություններ են՝ կանգնելու Նրա լույսի առաջ և դարձյալ բացահայտելու սեփական կոչումը, գրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

Սրբազան Հոր խոսքով՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ իր կյանքը կառուցել է քրիստոնեական հավատքի հիմքի վրա։ Մեր եկեղեցիները, վանքերը, շարականներն ու աղոթքները միայն մշակութային ժառանգություն չեն։ Դրանք վկայությունն են այն հանդիպման, որի կենտրոնում ոչ թե պարզապես գաղափար է, այլ կենդանի Աստված։

«Սակայն յուրաքանչյուր սերունդ ունի իր մեծագույն հոգևոր հարցը. արդյոք մենք պարզապես պահպանել ենք քրիստոնեության հիշողությունը, թե՞ ապրում ենք Քրիստոսի կենդանի ներկայությամբ։ Որովհետև քրիստոնեությունը միայն անցյալից ստացած արժեքների ամբողջություն չէ։ Այն նախ և առաջ հանդիպում է Քրիստոսի հետ։ Եվ այդ հանդիպումը մարդուն չի թողնում նույնը։ Եթե մարդն իսկապես հանդիպում է Քրիստոսին, նրա սիրտը վերափոխվում է։

Հավատքը չի սահմանափակվում նրանով, ինչ մենք գիտենք Աստծու մասին։ Հավատքը սկսվում է այն պահից, երբ մենք հրավիրում ենք Աստծուն գործել մեր մեջ։

Այսօր մեզանից յուրաքանչյուրին ուղղված է նույն հարցը.

Արդյոք Քրիստոսը մեր կյանքի կենտրոնում է, թե՞ պարզապես մեր ինքնության մի մասն է։

Մենք կարող ենք հարգել սրբությունները, պահպանել մեր ավանդությունները, այցելել մեր եկեղեցիները, բայց միևնույն ժամանակ պետք է հարցնենք՝ արդյո՞ք մեր սիրտը դարձել է Աստծու սիրո բնակարան։

Քրիստոնեական կյանքը նախ և առաջ սրտի նորոգություն է։

Այն սկսվում է, երբ մարդը տեսնում է ոչ միայն ուրիշների սխալները, այլև սեփական հոգու կարիքը Աստծու ողորմության հանդեպ, երբ մարդը հասկանում է, որ Աստծուն պետք չէ դիմել միայն օգնության համար, այլ նաև ընդունել Նրա կամքը. երբ աղոթքն արտահայտվում է ոչ միայն Աստծուն ուղղված խոսք ու խնդրանքով, այլև լռությամբ։

Մեր ժողովրդի պատմությունը լի է ցավ ու կսկիծով։ Մենք ունեցել ենք կորուստներ, բաժանումներ ու ծանր փորձություններ։ Այդ ամենն անկարելի է մոռանալ, որովհետև հիշողությունը արդարության և արժանապատվության մաս ու բաժինն է։ Բայց քրիստոնեական հավատքը մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն. ցավն ու կորուստը չպետք է դառնան մարդու վերջին խոսքը։

Խաչը առանց Հարության միայն տառապանք է։ Բայց Քրիստոսի Խաչը դարձավ կյանքի ճանապարհ, որովհետև Աստված նույնիսկ մարդկային ամենախոր վերքի մեջ կարող է նոր սկիզբ բացել։

Այսօր մեր հանրույթի հոգևոր մարտահրավերը միայն այն չէ, որ մարդիկ հեռանում են իրենցից, իրենց նմաններից, եկեղեցուց ու Աստծուց։ Ավելի խոր խնդիրն այն է, որ երբեմն մենք մոտ ենք եկեղեցուն, բայց հեռու ենք Քրիստոսից։

Մենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով։

Կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմությունը։ Կարող ենք հիշել Աստծու անունը և միաժամանակ մոռանալ մարդկանց, որոնց միջոցով Աստված հանդիպում է մեզ։

Սակայն Ավետարանը դարձյալ մեզ վերադարձնում է շիտակ ճանապարհի. սիրել Աստծուն և սիրել մարդուն։

Այս երկու պատվիրանները, ինչպես որ Աստծու սերը, չեն ստորաբաժանվում։ Ով ասում է, որ սիրում է Աստծուն, բայց անտեսում է իր եղբորը, դեռ չի բացահայտել սիրո ամբողջականությունը։ Հայ մարդուն անհրաժեշտ է ոչ միայն պաշտպանել իր հավատքը, այլև թույլ տալ, որ հավատքը պաշտպանի և վերափոխի իրեն։ Որպեսզի նրա համար պարզ լինի՝ արդյոք կարողանում է իր ցավի մեջ ու միջոցով տեսնել նաև այլոց ցավը։

Եկեղեցին միայն քարաշեն կառույց չէ։ Եկեղեցին կենդանի ժողովուրդն է, որը համատեղված է, միախորհուրդ է Քրիստոսի շուրջ։ Նրա գեղեցկությունը երևում է ոչ միայն հոյակերտ խորանների փառքի մեջ, այլև հավատացյալների կյանքի։

Մեր ընտանիքները, մեր համայնքները և մեր հանրույթը կարիք ունեն ոչ միայն քրիստոնեական խոսքի, այլև ներկայության։

Աստված մեզ չի հարցնում՝ «Քանի՞ տարի է, որ քրիստոնյա ժողովուրդ եք»։ Նա հարցնում է. «Ի՞նչ է արել Քրիստոսի սերը ձեր սրտում»։

Գուցե հենց այս հարցի շուրջ պետք է սկսվի մեր հոգևոր վերածնունդը։ Ոչ միայն վերադառնալ միայն անցյալին, այլ նաև Քրիստոսին։ Ոչ միայն պահպանել հավատքի արտաքին ձևերը, այլ վերագտնել կորսված ոգին։

Որովհետև ժողովուրդը կենդանի է ոչ միայն այն ժամանակ, երբ հիշում է իր սրբությունները, այլ այն ժամանակ, երբ իր կյանքով վկայում է նրանց ներկայությունը։ Եթե Քրիստոս վերստին դառնա մեր կյանքի կենտրոնը, մեր հավատքը չի դիտվի միայն ժառանգություն անցյալից։ Այն կդառնա լույս ներկայի և հույս՝ ապագայի համար»,- նշել է Իսահակ Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր