00:00:00

Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը

15:59, 18 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը։

«Խոր ցավով ու կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է հայ երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը։

Տիգրան Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին սերտորեն կապված էին Արցախի և հայկական ազգային երգարվեստի հետ։ Ծնվել է Արթիկում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1989 թվականին տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան գոյամարտին։

Հետագայում աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, իսկ այնուհետև ղեկավարել է «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը։

2002 թվականին Տիգրան Մկրտչյանը ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը և եղել «Վերնատուն» քառյակի գեղարվեստական ղեկավարը։ Համույթի գործունեությունն ուղղված էր հայկական ազգային և ժողովրդական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը։

Տիգրան Մկրտչյանի արվեստը հնչել է ոչ միայն Արցախում ու Հայաստանում։ Նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան երկրներում և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում՝ հայկական երգն ու մշակույթը ներկայացնելով նաև հայրենիքից դուրս։

Նրա համար երգը պարզապես արվեստ չէր․ այն հայրենիքի, հիշողության և ազգային ինքնության պահպանման ճանապարհ էր։ Առանձնահատուկ տեղ ունի նրա «Ձոն Արցախին» ստեղծագործությունը, որն այսօր առավել քան երբևէ հնչում է որպես Արցախի հանդեպ սիրո, կարոտի ու ցավի ձայն։

Արցախի երգով ապրող մարդկանց ձայնը չի լռում։ Սակայն Արցախը կորցնելու ծանր ցավով ապրելը շատ դժվար է։ Այդ ցավը մնում է հոգում՝ որպես չսպիացող վերք, և ցավալիորեն Արցախի երգով, Արցախով, Արցախի հիշողություններով ապրողներից շատերը վաղաժամ հեռանում են երկրային կյանքից։

Տիգրան Մկրտչյանի ձայնը նույնպես կմնա մեզ հետ՝ նրա երգերում, կատարումներում և մեր հիշողություններում։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից»,-հայտնում է «Նորություններ Արցախից» էջը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր