00:00:00

Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան

21:25, 20 հուլիս 2026 Հասարակություն

Այս տարի բուհերում ընդունելության արդյունքներով 3100 թափուր տեղ է մնացել, որից 250-ը պետական պատվերով նախատեսված անվճար տեղերն են։ Դա նշանակում է, որ պետությունը գումար է հատկացրել, բայց ուսանողը չի եկել բուհ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

«2017 թվականին բուհեր ընդունվել է 17 000-ից ավելի ուսանող, իսկ այսօր՝ 10 000-ից քիչ։ Մյուս տարի այդ թիվը մոտավորապես կկրկնակի նվազի, որովհետև նվազման միտումն անընդհատ պահպանվում է։ Սրա վրա մի քանի գործոն է ազդում։ Առաջինը դեմոգրաֆիական վիճակն է, այդ թվում՝ արտագաղթը, որովհետև այդ տարիքի շատ երիտասարդներ պարզապես հեռանում են Հայաստանից։

Բացի դրանից՝ ծնելիությունն անընդհատ նվազում է։ Օրինակ, 2025 թվականին, եթե չեմ սխալվում, ծնվել է 32 000 երեխա, մինչդեռ դրանից երեք տարի առաջ՝ 37 000։ Պատկերացնում եք, թե ինչ տեմպերով է անկումը։

Հաջորդ խնդիրը ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակն է։ Մեր դիմորդներից շատերը սոցիալապես անապահով ընտանիքներից են և պատրաստ չեն վճարել ուսման համար, դրա համար էլ պարզապես չեն դիմում։

Հաջորդ խնդիրը անգրագիտության աննախադեպ մակարդակն է։ Այս տարի դիմորդների ընդամենը 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ։ Անցած տարի այդ ցուցանիշը 67% էր։ Սա նշանակում է, որ դիմորդների գրեթե կեսը չի կարողանում նույնիսկ երկու քննությունից նվազագույն դրական գնահատական ստանալ։

Եվ այս ամենը բերում է այն եզրահանգման, որ կրթության համակարգը կառավարման տեսանկյունից գտնվում է անհուսալի ձեռքերում։ Մարդիկ են, որոնք որևէ հետագիծ չունեն այս ոլորտում, եկել են ու որոշումներ են կայացնում, և այդ որոշումների արդյունքում մեր երիտասարդներից շատերը պարզապես չեն գնում բարձրագույն կրթություն ստանալու»։

Նա ընդգծեց, որ ավելի քան 100 մասնագիտություններով այս տարի որևէ դիմորդ չի եղել, իսկ մոտ 50 մասնագիտություններով ընդամենը 1 կամ 2 դիմորդ է եղել։
«Այսինքն՝ ավելի քան 150 մասնագիտություններով այս տարվանից սկսած Հայաստանում որևէ մասնագետ չի պատրաստվելու։ Դրանք հիմնականում գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններն են։ Մարդիկ չեն ընտրում նաև բնագիտական մասնագիտությունները, հատկապես մանկավարժության ուղղությամբ, օրինակ՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի ուսուցչի մասնագիտությունները։ Հենց այս բաժիններում են ամենաշատ թափուր տեղերը մնացել։ Թափուր տեղեր են մնացել նաև Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժնում։ Չնայած այստեղ կրթության որակը բարձր է, մարդիկ, միևնույն է, չեն դիմում, որովհետև այդ մասնագիտություններով հետագայում չեն կարողանում աշխատանք գտնել»։

Փորձագետի գնահատմամբ՝ իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի ընդունելության կարգը։

«Հիմա յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմել ընդամենը մեկ բուհ և մեկ մասնագիտության։ Շատ դիմորդներ, որոնք ունեն բարձր գիտելիքներ, բայց դուրս են մնում մրցույթից, այլևս չեն կարող դիմել մեկ այլ բուհ կամ մեկ այլ մասնագիտության։ Շատերն էլ, իմանալով, որ մրցույթից դուրս են մնալու, ընդհանրապես չեն դիմում բարձրագույն ուսումնական հաստատություններ կամ մասնակցում են արտասահմանյան բուհերի ընդունելության մրցույթներին»։

Մխիթարյանը նաև ընդգծեց, որ դիմորդները դարձել են ավելի պրագմատիկ և ընտրում են այն մասնագիտությունները, որոնց շնորհիվ հետագայում կարող են հեշտությամբ մուտք գործել աշխատաշուկա։ Նրանց այլևս չի հետաքրքրում, թե պետությունն այս կամ այն մասնագիտության վերաբերյալ ինչ հայտարարություններ է անում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր