Նիկոլ Փաշինյանի՝ «չկա մի դատավոր, որ իմ ասածը չանի» հայտնի հայտարարության ֆոնին Վարդան Ղուկասյանի գործով տեղի ունեցած վերջին զարգացումները նոր հարցերի տեղիք են տալիս։ Ավելի վաղ հայտնել էինք, թե ինչ ենթադրյալ պայմանավորվածության մասին տեղեկություններ են շրջանառվում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը, տնային կալանքով փոխարինելու շուրջ։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը խոսել է դատական համակարգի անկախության, նախկին արդարադատության արատների մասին։ Սակայն հանրության հիշողության մեջ մնացել է նաև նրա աղմկահարույց հայտարարությունը, թե «չկա մի դատավոր, որ իմ ասածը չանի»։
Այսօր Վարդան Ղուկասյանի գործը քննող Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ պատճառաբանելով, որ գործով անցնող բոլոր 16 վկաներն արդեն հարցաքննվել են, և կալանքը պահպանելու անհրաժեշտությունն այլևս վերացել է։ Սակայն նույն դատավորը նախկինում մերժել էր Ղուկասյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոցը փոխելու մի քանի միջնորդությունները։
Այդ ժամանակ նույն հիմնավորումները բավարար չէին, իսկ այժմ դատարանի գնահատականը փոխվել է։ Այս ամենի ֆոնին անխուսափելիորեն հարց է առաջանում. արդյո՞ք որոշման փոփոխությունը պայմանավորված էր բացառապես դատավարական հանգամանքներով, թե՞ այն համընկնումը, որը հաջորդեց վարչապետի հայտնի հայտարարություններին, պատահականություն է։ Եթե դատական իշխանությունն իսկապես անկախ է, ապա հենց նման որոշումների ամբողջական և համոզիչ հիմնավորումն է, որ պետք է փարատի հանրության կասկածները, այլ ոչ թե դրանք խորացնի։