Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով այժմ գտնվում է բանտում, հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին։
Դրա ընթացքում Դեմիրթաշը անդրադարձել է Դիարբեքիր քաղաքում հայերի պատմությանը, ինչպես նաև հայ պատգամավոր Գարո Փայլանին։ Վերջինս մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա Դիարբեքիրից է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։
«Ակոսի»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հետ զրույցում Դեմիրթաշը մասնավորապես ասել է .
«Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին։ Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ և ինքնություններ կային։ Դիարբքիրից Գարոյի պատգամավոր լինելը տխուր պատմությանը տրված ամբողջական պատասխան է։ Համոզված եմ Դիարբեքիրի ժողովուրդը Գարոյին կհյուրընկալի պատմական գիտակցությամբ և ոգևորվածությամբ։ Գարոն Դիարբեքիրի համար օտար չէ։ Հավատում եմ, որ նրա և Դիարբեքիրի երիտասարդների միջև կստեղծվի լավ հաղորդակցություն։ Իրեն հաջողություն եմ մաղթում։ Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»։
Դեմիրթաշը նաև ասել է, որ անցյալում Դիարբեքիրը բազմազգ բնակավայր էր, և նույնիսկ իր մանկության ժամանակ հայեր կային այնտեղ։ Ըստ նրա՝ բացի Հայոց ցեղասպանությունից, տեղի հայերի արտագաղթի պատճառ դարձավ նաև Թուրքիայում 1980-90թթ. տեղի ունեցած իրադարձությունները։ Բռնաճնշումների հետևանքով հայերը լքեցին իրենց բնակավայրերը։