Հունիսի 2-ին Կարս քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպում, հայտնում է ermenihaber.am-ը։ Հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։
Ելույթով է հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը։ Նա նշել է. «Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող անմիջական առևտրային հնարավորությունները կարող են օգտակար լինել»։
Թուրքիայի ԱԳՆ Կովկասի հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերը նշել է, թե Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ «կարևոր քայլեր են ձեռնարկվում»։
Նշվում է նաև, որ պաշտոնական ելույթներից հետո Հայաստանի և Թուրքիայի գործարարները փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում։