Անդրանիկ Թևանյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր պաշտպանյալի նկատմամբ իրավապահների գործողությունները տոտալ բռնաճնշում և արդարադատության քաղաքականացում է որակում։
Նա հայտարարության մեջ մանրամասնում է, որ գործադիր իշխանության ղեկավարի նախընտրական ելույթներն ու իրավապահների քայլերը սինխրոնացված են, ինչը, ըստ նրա, վկայում է քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու միտումնավոր արշավի մասին։
«Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, քանի որ քննչական մարմինները, չեզոք իրավական տերմինաբանություն կիրառելու փոխարեն, հանդես են գալիս արդեն իսկ կանխակալ, հաստատական պնդումներով՝ անձանց պիտակավորելով որպես «լրտեսներ» կամ «դավաճաններ»։ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի և ՀՀ Սահմանադրության տեսանկյունից սա հանրային կարծիքը նախապես ձևավորելու և անձի հեղինակությունը միտումնավոր վարկաբեկելու արատավոր պրակտիկա է»,– գրել է նա։