Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին ստացել էր դատախազության միջնորդությունը՝ 2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ և խուզարկություն են իրականացրել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության երևանյան գրասենյակում։ Խուզարկությունը կատարվել է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Քննչական գործողություններին ներկա է եղել նաև Անդրանիկ Թևանյանը։