«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Թալինում են։
«Ամեն անգամ մեր հայրենիքի այս հատվածից մարդ հանդիպելիս առանձնահատուկ ուրախություն եմ զգացել, որովհետև մենք իրար հետ շատ ընդհանրություններ ունենք։ Մենք եկել ենք նույն արմատից, անցել ենք նույն ծանր ու դաժան ճանապարհը։ Երբ հանդիպում ենք, խոսում ենք մեր ընդհանուր անցյալի մասին, խոսում ենք մեր բարբառով, մեր հիշողություններով»,- խոսքն ուղղելով Թալինի բնակիչներին՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը պատմել է, որ Թաթուլ գյուղում բնակիչներն իր հետ զրույցում վերհիշել են, որ իրենց նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից, և եկեղեցին էր նրանց հաց տալիս, որ կարողանային գոյատևել։
«Այդ խոսքերը լսելով՝ հիշեցի այս տարվա դեկտեմբերը, երբ մենք կանգնած էինք մեր եկեղեցու կողքին և գնացել էինք Էջմիածին՝ պաշտպանելու մեր հավատն ու գաղափարները։ Ցավով պիտի ասեմ, որ այնտեղ՝ ոստիկանների հետևում տեսա նաև սասունցիների։ Ինձ համար դա մեծ ցավ էր, մենք նույն գաղափարները կրողն ենք, նույն դասերով մեծացած։ Մեզ սովորեցրել են, որ մեր երկիրը պետք է հայկական պահենք, հույս չդնենք ուրիշի վրա, մեղքը չբարդենք ուրիշների վրա, այլ ինքներս ուժեղ լինենք։
Մենք պետք է ամրացնենք մեր տունը, մեր ընտանիքները, ապահովենք մեր ժողովրդի բնականոն կյանքն ու արժանապատիվ աշխատանքը։ Պետք է մնանք մեր երկրում և հզորացնենք այն, որպեսզի այլևս երբեք չլինի մի օր, երբ Էջմիածնում միմյանց դեմ կանգնեն Մուշից կամ Սասունից գաղթածների զավակները»։
Նարեկ Կարապետյանը նաև ընգծել է՝ Սամվել Կարապետյանն ու թալինցիներն էլ նույն արմատից են սերում։
«Նա առաջին մարդն է մեր ընդհանուր արմատներից, ով Հայաստանի ղեկավարումը ստանձնելու հայտ է ներկայացրել։ Մենք պարտավոր ենք փոխել մեր երկրի ընթացքը։ Մեր աղքատ շրջաններում պետք է աշխատանք լինի։ Մարդու գրպանում պետք է գումար լինի, որ կարողանա պահել իր տունը, շատ երեխաներ ունենալ։ Շատ երեխաներն են մեր երկրի ապագան, մեծ ընտանիքներն են մեր ժողովրդի ուժը։ Տնտեսական զարգացման նպատակը միայն լավ ապրելը չէ։ Երբ հայը լավ է ապրում, նա ավելի է ամրանում, ավելի շատ երեխաներ է ունենում, ինչն էլ միասնականության հիմք է դառնում։ Հենց այդ միասնությունն էր այն ուժը, որը նույնիսկ Օսմանյան կայսրությունը չկարողացավ կոտրել»։
Նարեկ Կարապետյանը թալիցնիներին հորդորել է վստահել սեփական ուժին.
«Սամվել Կարապետյանն ու դուք նույն արմատից եք, և միայն միասին կարող ենք բերել փոփոխություն»։