Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ հարուցի։ Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցնում է Անդրանիկ Թևանյանի անունը։
Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։
Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։
Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։
Այս քայլերը, մեծ հաշվով, նախընտրական պրոցեսի գնահատականն են. իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ Սա հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։
Հիշեցնենք, թե պաշտոնավարման ընթացքում քանի´ հոգու է Նիկոլ Փաշինյանը կարգել որպես տարբեր մասշտաբների հանցագործ՝ կալանավորելով և ապօրինի քրգործեր հարուցելով։ Մարդիկ հետագայում արդարացվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով, սակայն իրավապահ համակարգը և մարդկային կյանքերը կրել են անդառնալի հետևանքներ։
Վստահաբար, սրանք են լինելու հունիսի 7-ից հետո ձևավորվելիք նոր իշխանության առաջնահերթությունները։
ԲՀԿ նախընտրական շտաբ