Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր հրդեհ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը թիվ 74 տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանել են հրշեջները և մարել այն, ինչից հետո տան ներսում հայտնաբերել են 2 քաղաքացու կիսամոխրացած դի։
Տեղում օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 քաղաքացու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են։