Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքը հայտարարել է, որ իրեն հասանելի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը կարգավորելուն ուղղված համաձայնագրի՝ Թեհրանի կողմից վերամշակված տարբերակը, որից էլ հեռուստաալիքը հատվածներ է հրապարակել։ Նշվում է, որ ըստ համաձայնագրի՝ Իրանը պատրաստ է հարստացված ուրանի իր պաշարները ոչ թե ԱՄՆ-ին, այլ Ռուսաստանին հանձնել՝ համապատասխան պայմանների դիմաց, բայց թե ինչ պայմանների մասին է խոսքը, տեղեկություններ չեն հաղորդվում։
Բացի այդ, ըստ Al Hadath-ի, իրանական կողմը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի կողմից պատերազմի ընթացքում հասցված վնասի փոխհատուցումից, փոխարենը՝ մտադիր է հասնել նրան, որ Վաշինգտոնը տնտեսական զիջումների գնա։
Նշվում է նաև, որ Իրանը ցանկանում է, որպեսզի Օմանն ու Պակիստանը նշանակալից դերակատարում ունենան Հորմուզի նեղուցի շուրջ ցանկացած տեսակի կոնֆլիկտի դեպքում, իսկ ԱՄՆ-ի հետ կնքվելիք ցանկացած պոտենցիալ համաձայնագիր երաշխավորվի միջազգային հանրության կողմից։
Ըստ Al Hadath-ի, Թեհրանը ձգտում է Իրանի միջուկային խնդիրը առանձնացնել Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդրի լուծումից և մտադիր է հասնել նրան, որ իր միջուկային ծրագիրը երկարաժամկետ կտրվածքով սառեցվի, ոչ թե ընդհանրապես դադարեցվի։