Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով «սպառնում» են Նիկոլ Փաշինյանի հետ հաշվեհարդար տեսնել։
Տեսանյութում հնչած պառնալիքներին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան. «Այ փսլինքներ, հլը մասկեքներդ հանեք, դուր եկեք, տեսնեմ՝ ովքեր եք, այ համբալներ, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը։ Չոքացնելու եմ ձեզ։ Հատ-հատ գտնելու եմ՝ ովքեր եք»։
Քննչական կոմիտեից տարածված տեսանյութի մասին հայտնում են. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»։