«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջնանակներում մայիսի 17-ին եղել են Արմավիրի մարզում։
Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադարձել է գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք խնդիրների՝ մասնավորապես, ոռոգման ջրի, գյուղմթերքի մթերման և գյուղացու սոցիալական վիճակի հարցերին։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ։Մեր ծրագրով հստակ ունենք նախատեսած ծրագիր՝ ոռոգման ջրի հետ կապված։ Պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ։ Եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի մարդը չարչարվելու է, բայց արդյունք չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք նվազեցնել ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ ոռոգման ջրի գինն ամբողջ սեզոնի համար պետք է լինի կես հետկար հող ունեցողի համար 500 դրամ, 1 հեկտար ունեցողի համար՝ 1000 դրամ, 2 հեկտար ունեցողի համար՝ 2000 դրամ և այդպես շարունակ»,- ասել է Արման Թաթոյանը։
Խոսելով գյուղմթերքի մթերման խնդրի մասին՝ Թաթոյանն ասել է՝ անընդունելի է, երբ գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ և ստիպված է անհավասար պայմաններում բանակցել խոշոր մթերողների հետ։
Նա ընդգծել է, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին նաև մթերումների կազմակերպման և արդար պայմանների ապահովման հարցում։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումն ու գյուղացու պաշտպանությունը պետք է դառնան պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։