Երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ստացած կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, հիվանդանոց են մեկնել Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Երվանդ Նիկոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 15-ամյա Ս. Պ.-ն է։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում հաշվառված 18-ամյա Հապետ Գ.-ի, 18-ամյա Նարեկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Ս. Պ.-ի միջև, որի ընթացքում վիճաբանության մյուս կողմի մասնակիցներից՝ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սուրեն Դ.-ն, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Ս. Պ.-ի մարմնի տարբեր մասերին։
Վիճաբանության ժամանակ Հապետ Գ.-ն իր մոտ պահվող մեկնարկային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Ոստիկանները հայտնաբերել են նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով, ում նույնպես իրավապահները հայտնաբերել են։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։