00:00:00

Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան

20:20, 13 մայիս 2026 Քաղաքականություն

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը: Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական ճակատում հրադադար կլինի այն պահից, երբ Ուկրաինան դուրս բերի զորքը ռուսական տարածքներից:

«Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին՝ դադարեցնել կրակը և լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը: Այդ ժամանակ կլինի հրադադար, և կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով», հայտնել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

Սա առնվազն բազմիմաստ հայտարարություն է, որովհետեւ հարց է առաջանում՝ ռուսական տարածք ասելով Պեսկովը նկատի ունի միայն Դոնբա՞սը, թե՞ նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեյի շրջանները, որոնք ՌԴ-ն եւս արձանագրել է որպես իր տարածք, բայց որոնց տարածքի մի մասը չի վերցրել վերահսկողության տակ: Հարցն այն է, որ Մոսկվան մինչ այս կարծես թե բավականին միարժեք խոսում էր այն մասին, որ հրադադարի համար Կիեւը պետք է դուրս գա Դոնբասից: Եթե Մոսկվան շարունակում է դա համարել բավարար, ապա դիրքորոշումն անփոփոխ է: Բայց, եթե ռուսական տարածք ասելով նկատի ունեն ոչ միայն Դոնբասը, ապա դա կարող է նշանակել, որ Կրեմլը կոշտացնում է դիրքորոշումը:

Իսկ դա՝ այդպես լինելու պարագայում, արդեն ուշագրավ կլինի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Թրամփը բարդ վիճակում է Իրանի հարցում, այդ բարդությամբ մեկնում է բանակցության Պեկին: Ընդ որում, Թրամփը Պեկին մեկնելուց առաջ հայտարարում է, որ կարող է մինչեւ տարեվերջ այցելել Ռուսաստան: Այս հայտարարությունը, ինչպես առիթ ունեցա ասելու, կարող է արվել Ցզինպինի հանդեպ որոշակի հոգեբանական ազդեցության համար: Եթե այդ պարագայում Մոսկվան էլ իր հերթին անում է կոշտ հայտարարություն, կամ ուկրաինական հարցում դիրքորոշում կոշտացնելու ակնարկ, ապա դա մի կողմից կարող է դիտվել աջակցություն Պեկինին, իսկ մյուս կողմից նաեւ ակնարկ այն մասին, որ չի ընդունի Կիեւի հարցում Վաշինգտոն-Պեկին որեւէ պայմանավորվածություն:

Իսկ այդպիսի փորձ Թրամփը կարող է անել, այն ակնկալիքով, որ Չինաստանը լինելով տնտեսական շատ կարեւոր գործընկեր Ռուսաստանի համար, ըստ էության տնտեսական թիկունք, օգտագործի այդ ազդեցությունը Մոսկվային ուկրաինական հարցում համաձայնությունների մղելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր