Այսօր իշխանությունների գլխավոր խոստումը պատերազմն է, որովհետև նրանք այլևս ասելիք չունեն, իսկ մենք առաջարկում ենք անվտանգության մեր մոդելը՝ արդիական ու մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Այդ մասին այսօր Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մարդկությունը դեռևս այլ մոդել չի հորինել։ Մեզ սպառնում են պատերազմով, բայց կա մի պարզ ճշմարտություն. ագրեսորը պատերազմ է սկսում այն ժամանակ, երբ համոզված է, որ հաղթելու իր շանսերը շատ բարձր են։ Մնացած դեպքերում ոչ մի երկիր պատերազմ չի սկսում։
Մենք ձգտում ենք խաղաղության, սակայն խաղաղությունը պետք է լինի հաստատուն, երաշխավորված և ունենա երաշխավորներ։ Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդու քմահաճույքից։ Դա խաղաղություն չէ, այլ խայտառակություն, և մենք դա թույլ չենք տա»: