Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Դատախազության տարեկան զեկույցը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն արձագանքել է՝ շեշտելով՝ այդ զեկույցն իշխող ուժի քաղաքական շահերի և նրան մատուցված ծառայութունների արձանագրում է։
Լիլիթ Գալստյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Տիկին Վարդապետյան,
Խիստ հանգրվանային ժամանակահատվածում ներկայացնում եք մի փաստաթուղթ, որն աղերս չունի երկրի մարտահրավերների հետ և իր խորքային բովանդակությամբ իշխող ուժի քաղաքական շահերի և նրան մատուցված ծառայութունների արձանագրում է։
Մինչդեռ դուք ոչ թե իշխանության արժեհամակարգին ծառայող գործիք եք, ինչպես դիրքավորվել եք, այլ՝ պետական շահերի և օրինականության գլխավոր պաշտպանը:
Քաղաքական հավատարմություն, նպատակահարմարություն, կալանքի ֆետիշացում, վախի մթնոլորտ, քաղաքական հալածանքներ․ ահա արժեքները, որոնց ծառայում եք։
Եվ օրինաչափ է, որ դատախազությունը ամենացածր հանրային վարկանիշ ունեցող ինստիտուտներից է: Ըստ միջազգային ինդեքսների՝ Հայաստանը շարունակում է լինել կիսաազատ երկիր, ուր իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են մեկ անձի ձեռքում։
Ներածականում երախտագիտության խոսք եք հղում դատախազներին և քննիչներին։ Ակնհայտ է, թե արժևորման ինչ չափանիշներ են ընկած գնահատականի հիմքում։
Սրանց մեջ են այն դատախազներն ու քննիչները, որոնք 17 անմեղների գործով փաստեր են կեղծում և սուտ մեղադրական հիմքեր ներկայացնում դատարան, որոնց հանձնարարված է չտեսնել ոստիկանության կամ յուրայինների ապօրինությունները:
Սկզբունքը ոչ թե մասնագիտական և մարդկային խիղճն է, այլ հանձնառությունը՝ ջախջախել հեղինակություններ, հրեշայնացնել եկեղեցին, հանրությանը կերակրել ստով՝ թե ահաբեկչական խումբ եք բացահայտել։
Դուք ևս՝ Տիկին Վարդապետյան, այս ամբիոնից սուտ կամ չճշտված փաստեր ներկայացնելու որևէ կաշկանդվածություն չունեք։ Սահմանված խաղի կանոնին չենթարկված քննիչին Դուք կարող եք ազատել աշխատանքից, իսկ թիմակից Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, երբ վերջինս ինքնուրույնության նշաններ է ցույց տալիս։
Ի դեպ, ամփոփիչ խոսքում խնդրում եմ անդրադառնալ, թե Փաշինյանի հայտարարած 10 000 դասալիքներից և դավաճաններից մինչև օրս քանի՞սն են համապատասխան հոդվածներով պատժվել։
Ազդարարում եք, թե ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առաջին գործը։ Խոսքն ընդամենը մեկ գործի մասին է։
Մի՞թե պարզ չէ, որ սա քաղաքական հակառակորդներին լռեցնելու պատժիչ և հատկապես՝ քարոզչական գործիք է: Նպատակն է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելը և դատավորի պատմուճան հագած քպ-ականներին հնարավորության տալը՝ անմեղության կանխավարկածը խախտելով դատավճիռներ հնչեցնել։
Անխոս, ապօրինի գույքն ու հանրային բարիքը պիտի վերադարձվի, բայց թափանցիկ և ոչ ընտրողաբար․․․
Տկն Վարդապետյան, դուք համոզիչ չեք, որովհետև իշխանական թիմի կոռուպցիոն սկանդալների, եկամուտների մասին հայտարարությունների, ծաղկող դղյակաշինության, կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ մեծաթիվ հաղորդումները համառորեն անտեսում եք:
Որպես պետական շահերի պաշտպան, երբևէ Ձեզ չհետաքրքրեց, թե ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվում, ավելի շուտ՝ մսխվում հանրային միջոցները, 15 միլիարդի շեմը հատող պետական պարտքը։
Ավելացնեմ՝ կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Հայաստանը նահանջ է արձանագրել և այստեղ ձեր մեղքի և պատասխանատվության բաժինը անհերքելի է։
Ձեր հաղորդումը դասական ինքնախոստովանական ցուցմունք է, որտեղ ձևակերպումները և վիճակագրությունը փաստում են օրվա իշխանություններին ծառայությունը, նաև՝ օրինականության հաստատման անարդյունավետությունը:
Սահմանադրական անկախություն և չեզոքություն պարտադրող պաշտոնյայի համար գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերի հետ լուսանկարները հաղորդման հավելվածում զետեղելը պետք է, որ պրոպագանդելի չլինեին։ Սա միջազգային պրակտիկային խորթ մշակույթ է: Բայց դուք ակնհայտորեն չեք խորշում և հանրայնացնում եք:
Իսկ միջազգային կազմակերպությունները շարունակում են արձանագրել ձեր՝ ընտրության ինստիտուցիոնալ անկախության բացակայությունը:
«Շոշափելի արդյունք» եք համարում 2,5 տոկոսով կալանքների թվի նվազումը, սակայն միջնորդությունների բավարարման ցուցանիշը մի քանի անգամ զիջում է ԵԽ անդամ երկրների միջին ցուցանիշներին։ Բավարարվել է 61,2 տոկոսը, ուր ներառված չեն պարտադիր զինծառայությունից և վարժահավաքից խուսափելու հոդվածներով մեղադրվողների նկատմամբ կիրառված կալանքները:
Տարակուսելի հետևողականությամբ, գրեթե միշտ, գիշերային ժամերին են նշանակվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կալանքները և որպես կանոն՝ խափանման այլ միջոց չի հանդուրժվում։
Խիստ կանխատեսելի արարողակարգ է նաև կալանքի ժամկետները պարբերաբար ավելացնելը, անտեսվում է մեղադրանքի աստիճանը, կերակրող մայր կամ հիվանդ անչափահաս լինելը։
Փոխարենը չափազանց ակնհայտ են յուրայինների նկատմամբ ոչ համարժեք խափանման միջոց կիրառելու դեպքերը։
Հիշեցնում եմ՝ Սահմանադրության ուժով գլխավոր դատախազը ենթարկվում է ոչ թե վարչապետին, այլ Սահմանադրությանը։
Դուք շարունակում եք ձևացնել, թե երկրում խաթարված չէ սահմանադրական կարգը, այն դեպքում, երբ ակնհայտորեն հակապետական ընթացքը փաստող մի քանի դրսևորումներ են եղել։
Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների սանձազերծած հակասահմանադրական արշավի նկատմամբ ձեր լռությունը պարզապես հանցավոր է։
Լռում եք նաև հիմա, երբ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում հայտարարում է Վեհափառ Հայրապետին հրաժարական պարտադրելու և եկեղեցու կառավարման կարգը փոխելու նպատակադրումը։ Սա հոգևոր իշխանությունը ուզուրպացնելու բացահայտ կոչ-ծրագիր է։
Եկեղեցու նկատմամբ հալածանքները միջազգային ռեզոնանս են ստացել, մտել ԵԽ բանաձև, իսկ Դուք շարունակում եք լռել և հավատարիմ մնալ սելեկտիվ արդարադատությանը:
Ձեր գովական որոշ քննիչների վարքը ծիծաղելի է և միաժամանակ արգահատելի։ Մի քանի տասնյակ շինծու քրեական գործերով հոգևորականներին անհետաձգելի քննչական գործողությունների են կանչում հենց կիրակնօրյա պատարագների և հոգևոր ժողովների ժամանակ։
Արագածոտնից մի քննիչ էլ թեմի բոլոր 21 քահանաներին հարցաքննության է կանչում ճիշտ այն ժամին, երբ Փաշինյանի նախընտրելի պատարագը պիտի կազմակերպվի։
Հիմա դեմքի լուրջ արտահայտությամբ և մասնագիտական գիտելիքների գիտակցումով՝ պիտի համոզեք, թե ոչ մի զուգադիպություն չկա։ Պարզապես չի կարելի ծաղրի առարկա դարձնել մի ամբողջ համակարգ:
Շարունակվում է ոստիկանության անպատժելիությունը։ 2025-ի դրությամբ որևէ ոստիկանական ծառայող քրեական պատասխանատվության չի ենթարկվել խաղաղ ցուցարարների դեմ 2024-ին նռնակների ապօրինի գործածության և 101 անձի վնասվածքների համար։
Ոստիկանների կողմից Սամվել Վարդանյանի խոշտանգման խայտառակ դեպքն է մնացել անպատիժ…
Բռնության և ատելության խոսքի փաստերն ահագնացող են, իսկ դատախազությունը ծածկադմփոցով է զբաղված։
Իմ դիմումի հիման վրա, ատելության խոսքի հատկանիշներով, մեկ տարի առաջ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել «Խոսնակ լրատվականի» նկատմամբ և մատնվել անգործության․․․
Յուրայիններին չեք պատժում, մինչդեռ մի արցախահայի՝ ադրբեջանցու մասին գրառման համար ժամեր անց ձերբակալեցիք։
Սարսափելի են մասնավոր կյանքի անձեռմխելիության խախտումները, համատարած գաղտնալսումները, գաղտնի նկարահանումները, որոնք Ձեր սեղանից ապօրինաբար հայտնվում են իշխանական մամուլում։
Սա իրավական երկրի պատկեր չէ, սա անբարո ժանդարմական համակարգ է։ Կարծեմ վարույթ էիք նախաձեռնել և ի՞նչ․․․ անգործություն։
Տիկին Վարդապետյան, ձեզ չի հետաքրքրո՞ւմ, թե խորհրդարանի փոխխոսնակն ինչ կարգավիճակով է իրազեկվում հատուկ ծառայությունների օպերատիվ հետախուզական գործունեության մասին։
Ավանդականը․ 4 տարի ձգվող և ձեր անգործությունը փաստող նամակների մի հատոր։ Մի ամբողջ գլխավոր դատախազ արդեն 4 տարի չի կարողանում օրինական միջոցներ կիրառել, որպեսզի Արման Բաբաջանյանը իրացնի դատարանի վճիռը և զրպարտության համար ներողություն խնդրի Դաշնակցությունից։
Դուք պարզապես կամք և համարձակություն չունեք․․․
Եթե առաջնային մանդատի հետ եք այսպես վարվում, պարզ է, թե որքան է պաշտպանված հասարակ քաղաքացին:
Ժողովրդավարության, օրինականության նաև բարոյականության ճգնաժամն այս պատկերն ունի:
Դժվար է պատկերացնել, որ մի օր գլխավոր դատախազը հենց Ազգային Ժողովում կհայտարարի, թե ինքը պետական շահն է պաշտպանում, ոչ ազգայինը:
Տկն Վարդապետյան, ազգային պետական շահին հակադրելը ոչ միայն կեղծ է, այլև հակագիտական։ Անգամ հիմնավորելն է անհարմար:
Եվ ամենաէականը, սա Ձեր ընտրությունն է, յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր հետագիծն ու սեփական խղճի հետ հաշտ լինելը»: