Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին, ում նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Տեղեկությունը ՆԳՆ-ից են հայտնում՝ նշելով.
«Ապրիլի 23-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։
Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին»։