Թեհրանում դեռ քննարկում են ԱՄՆ-ի առաջարկները՝ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, Իրանի իշխանությունները պատասխանը կփոխանցեն Պակիստանի միջնորդներին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ի ծրագիրն ու առաջարկը քննարկվում է Իրանի կողմից։ Արդյունքների ամփոփումից հետո Իրանը իր պատասխանը կփոխանցի պակիստանյան կողմին»,- Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։
Axios-ն իր հերթին, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ կողմից բանակցողները համարում են, որ մոտ են համաձայնության կայացմանը։ Խոսքը մեկ էջից բաղկացած փոխըմբռնման հուշագրի մասին է, որում նշված են զինված հակամարտության դադարեցման պայմանները։ Ամերիկյան կողմը ակնկալիքներ ունի, որ Իրանը պատասխան կտա այս փաստաթղթի մի շարք կարևոր կետերի շուրջ՝ առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Հատկանշական է, որ ըստ Axios-ի աղբյուրների, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը փաստաթղթում չի շոշափվում, դրա լուծումը թողնվել է «ավելի ուշ փուլի»։