00:00:00

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված խաղամոլության կրճատմանը

20:56, 05 մայիս 2026 Քաղաքականություն

Նախաձեռնությամբ առաջարկվող սահմանափակումները միտված են պաշտպանելու սոցիալապես խոցելի խմբերին, կանխելու նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը, պահպանելու պետական աջակցության սոցիալական նպատակադրումը և նվազեցնելու խաղամոլությամբ պայմանավորված ընտանեկան ու հասարակական աղետները:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Հայկ Սարգսյանի խոսքով օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին ութ տարիներին աճել են ավելի քան 35 անգամ: «Եթե 2017 թվականին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին, աճելով ավելի քան 35 անգամ, խաղադրույքների ծավալները հասել են 7.4 տրիլիոն դրամի»,- նշել է հեղինակը:

Նրա խոսքով ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ  ժողովրդի համար: Ըստ զեկուցողի՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ իրենց ֆինանսական միջոցները վատնում են՝ վարակված լինելով այս կախվածությամբ: Նշվել է, որ աշխատած գումարներն ու խնայողությունները կորցրած և մեծ պարտքեր կուտակած  քաղաքացիները, սպառելով բարեկամների ու ընկերների վստահությունը, չկարողանալով այլևս նոր պարտքեր ներգրավել, գտնվելով անելանելի և անօգնական վիճակում, հաճախ դիմում են անընդունելի քայլերի՝ կատարելով գողություններ, խաբեություններ և այլ հանցագործություններ: Բազմաթիվ ընտանիքներ քանդվում են, հարյուր-հազարավոր մարդիկ՝ դժբախտանում, շատերը դիմում են ինքնասպանության:

 Հեղինակն առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում և հավելվածներում՝ տեսանելի վայրում, ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին՝ 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության: Ընդ որում՝ 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ:

Հեղինակը նաև առաջարկում է օրենքով արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք որևէ տեսակի նպաստ ստացող են: Նշվել է, որ նպաստառուի մասնակցությունը խաղերին հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը և խորացնում նրա սոցիալական խոցելիությունը:

Խաղերին մասնակցությունը կարգելվի նաև այն անձանց, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է: Հիմնական զեկուցողի խոսքով եթե անձի միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, ապա այդ միջոցը պետք է ծառայի կենսական կարիքների բավարարմանը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ:

 Սնանկության վարույթում գտնվող, ինչպես նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից օգտվող անձանց եւս կարգելվի մասնակցություն ունենալ վերոնշյալ խաղերին: Հեղինակի առաջարկով քաղաքացիները կարող են խաղերին մասնակցություն ունենալ յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված եկամտի 20 տոկոսի չափով:

Այս դրույթի շուրջ հեղինակի և Կառավարության տեսակետները տարբերվում էին:

Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից ելույթ է ունեցել հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով նախաձեռնությամբ  հնարավոր չի լինելու ամբողջությամբ լուծել խաղամոլության հետ կապված խնդիրները, սակայն դրանք էապես կկրճատվեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ նշելով, որ հեղինակն ընդունել է Կառավարության  ներկայացրած    առաջարկների հիմնական մասը: Որոշ դրույթների վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Ելույթներ են ունեցել պատգամավորները՝ անդրադառնալով նախագծի դրույթների թերություններին և դրական կողմերին, ընդգծել նաև օնլայն կազինոները սահմանափակելու կամ առհասարակ փակելու  կարևորությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նաև  գործընկերների հարցադրումներին և առաջարկներին:

Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր