00:00:00

Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն. Արարատ Միրզոյան

15:26, 05 մայիս 2026 Քաղաքականություն

Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն, «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահը, երբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր։

«Նույն օրը ես և իմ ադրբեջանցի գործընկերը նախաստորագրեցինք «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչմամբ Հայաստանը և Ադրբեջանը կատարեցին պատմական քայլ՝ փակելով տասնամյակների հակամարտությունը և բացելով խաղաղության ու կայունության նոր դարաշրջան մեր տարածաշրջանում։

Իհարկե, խաղաղությունը երբեք չպետք է ընկալվի որպես մեկանգամյա ձեռքբերում։ Խաղաղությունը պահանջում է մշտական խնամք, ուշադրություն և հայեցում, քանի որ եթե ջանք չներդնես դրա մեջ, այն կարող ես այն վտանգել։ Ուստի խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր։ Սա, անշուշտ, ներառում է նաև մարդասիրական խնդիրների հասցեագրում՝ նպաստելով հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և իրական հաշտեցմանը։

Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղության կենսունակության համար։ Այսպիսով՝ մենք ձևավորում ենք խաղաղության գործնական երաշխիքներ՝ մեր բարօրությունը դարձնելով փոխկապակցված և փոխկախված։ Երբ մենք կիսում ենք առևտրային ուղիներ, էներգետիկ ցանցեր, խողովակաշարեր և թվային կապեր, մենք կիսում ենք նաև ռիսկերն ու օգուտները։ Հետևաբար, մեր հարևանների հետ միասին, կառուցելով արևելքն արևմուտքին և հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքներ, մենք ստեղծում ենք մի իրականություն, որտեղ մեր տարածաշրջանում յուրաքանչյուր դերակատար անձնական շահագրգռվածություն ունի հարևանի կայունության հարցում: Սա է մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և ԹՐԻՓՓ նախագծի հիմքում»,- նշել է նա։

Ըստ Միրզոյանի՝ խաղաղության, համագործակցության և զարգացման հանձնառությունն է մեր հարևանների նկատմամբ մեր մոտեցումների ուղենիշը։

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված  փոխադարձ շահերի վրա։ Իրանի հետ մենք մշտապես պահպանել ենք բարեկամական կապեր և սերտ գործընկերություն:

Փոթորկի միջով անցնելու ռազմավարությունը հանգեցրել է խորքային վերափոխումների նաև մեր տարածաշրջանից անդին մեր գործընկերություններում։ Հայաստանը կատարել է ինքնիշխան ընտրություն՝ վարելու բալանսավորող և բալանսավորման արտաքին քաղաքականություն՝ հիմնված ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային և փոխշահավետ գործընկերությունների ձևավորման վրա։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը, եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակը այսօր մաս են կազմում Հայաստանի ռազմավարական գործընկերությունների համայնապատկերում՝ ոչ որպես միմյանց այլընտրանքներ, այլ որպես բազմազան և համագործակցային արտաքին քաղաքական ճարտարապետության հենասյուներ։

Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի կերպով դրսևորվել է Եվրոպական միության հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը ստեղծում է համագործակցության կառուցակարգված հիմք՝ քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի կարևոր դուռ, կարևոր ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար։ Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ՝ սկսած Դուբլինից մինչև Թբիլիսի, հավաքվել էին Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին։

Փոթորիկները գուցե երբեք լիովին չսանձվեն։ Նոր անորոշությունները միշտ ի հայտ կգան փոխարինելու արդեն իսկ հաղթահարվածներին։ Սակայն մեր փորձից քաղած դասը ֆատալիստական շարքից չէ։ Այն ընտրության ազատության և գործելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի և պատշաճ գործողությունների շնորհիվ փոքր պետությունները կարող են փոթորիկների միջով գտնել իրենց ուղին և կերտել իրենց ինքնիշխան, խաղաղ և բարգավաճ ապագան։

Այսպիսով, տիկնայք և պարոնայք, փոթորիկները միշտ կմոլեգնեն։ Ուստի եկե՛ք դրանք միասնաբար հաղթահարենք»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր