Հայաստանն առերեսվում է բարդ նախընտրական իրավիճակի, որը բնորոշվում է հիբրիդային սպառնալիքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում, ամփոփելով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքները, գրել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
Նա նշել է, որ Հայաստանի հարցով հիմնական խումբը հանդիպել է հանրապետությանն ուղղված աջակցությունը համակարգելու համար։
Կալասը, մասնավորապես, գրել է. «Եվրոպան ոչ միայն աշխարհագրություն է, այլև արժեքներ և սկզբունքներ, որոնք մենք կիսում ենք։
Հենց այդ պատճառով ես ուրախ էի այսօր մասնակցել Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպմանը։ Ամբողջ մայրցամաքից 48 առաջնորդներ, ինչպես նաև Կանադան՝ որպես հյուր, հավաքվել էին Երևանում՝ քննարկելու համար, թե ինչպես ավելի սերտ համագործակցել խոր աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում։
Եվրոպական քաղաքական համայնք. Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես համակարգել գործողությունները՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, կապերի զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության հզորացման համար։ Քննարկումները կենտրոնացած էին նաև այն սպառնալիքների նկատմամբ կայունության վրա, որոնց մենք բոլորս առերեսվում ենք։
Միջոցառում Ուկրաինայի հարցով. Նախագահ Զելենսկու և գործընկերների հետ քննարկել ենք, թե էլ ինչ կարող ենք անել Ուկրաինային աջակցելու համար ռուսական ագրեսիայի դեմ նրա պայքարում։ Ուկրաինայի կարիքները մնում են նույնքան հրատապ, որքան նախկինում։ Մեր 90 միլիարդ եվրոյի վարկը կենսական ֆինանսավորում է ապահովում բյուջետային և պաշտպանական կարիքների համար։ Մենք Ուկրաինային կտրամադրենք ամեն անհրաժեշտը, որպեսզի նա պահի իր դիրքերը, քանի դեռ Պուտինը չի հասկացել, որ իր պատերազմը ոչ մի տեղ չի տանում։
Հայաստանի հարցով հիմնական խումբ. Հայաստանն առերեսվում է բարդ նախընտրական իրավիճակի, որը բնորոշվում է հիբրիդային սպառնալիքներով՝ ներառյալ ապատեղեկատվական արշավները և օտարերկրյա ազդեցության գործողությունները։ Հիմնական խումբը հանդիպել է Հայաստանին ուղղված աջակցությունը համակարգելու համար։ Վերջին տարվա ընթացքում ԵՄ-Հայաստան մեր գործընկերությունը զարգացել է աննախադեպ արագությամբ։ Մենք զգալի ներդրումներ ենք անում երկրի դիմակայունության գործում և աջակցում ենք առաջիկա ընտրությունների արդարությանը։
Մոլդովայի հարցով հիմնական խումբ. Մոլդովայի հարցով հիմնական խումբը հանդիպել է մի պահի, որտեղ Ռուսաստանը շարունակում է խաթարել Մոլդովայի եվրոպական ապագան՝ ապակայունացման թիրախավորված արշավի և ԵՄ ճանապարհի նկատմամբ հանրային վստահությունը խարխլելու մշտական ջանքերի միջոցով։ Եվրոպական ինտեգրումը և անվտանգությունը նույն մեդալի երկու կողմերն են. որքան մոտ է Մոլդովան ԵՄ-ին, այնքան ավելի դիմակայուն և պաշտպանված է այն դառնում։
Թեև Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումն ավարտվեց, մենք շարունակում ենք աշխատանքը Երևանում՝ պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովով»: