00:00:00

Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը․ Կանադայի վարչապետ

14:51, 04 մայիս 2026 Քաղաքականություն

Ես միանում եմ մյուս գործընկերներին և ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Ալիևի ներկայությունը (տեսակապի միջոցով – խմբ.)։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Նա տեղին է համարել այն, որ Կանադան դարձել է այս գագաթնաժողովին միացած առաջին ոչ եվրոպական երկիրը, քանի որ, իր խոսքով, այն ոչ եվրոպական երկրների մեջ ամենաեվրոպականն է։ «Մեր պատմությունները սերտորեն փոխկապակցված են», - նշել է Քարնին՝ հիշեցնելով, որ Կանադայում ապրում են տասնյակ հազարավոր հայեր։

Նրա խոսքով՝ ընդհանուր արժեքները ձևավորում են ընդհանուր առաջնահերթությունները։

Նա հավաստիացրել է, որ Կանադան հետևողականորեն պաշտպանում է այդ արժեքները․ սկսած «Ցանկացողների կոալիցիային» անդամակցելուց՝ որպես Ուկրաինայում մեկ շնչի հաշվով ամենախոշոր ներդրողներից մեկը, վերջացրած սկանդինավյան երկրների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ Արկտիկայի անվտանգության հարցերով գործընկերությամբ: Նա նաև շեշտել է, որ Կանադան միակ ոչ եվրոպական պետությունն է, որը մասնակցում է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությանը:

Ըստ նրա՝ այսօր աշխարհը պառակտված է մի քանի ճակատներով՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, առևտրի և աշխարհաքաղաքականության ոլորտներում: Քարնին հավելել է, որ որոշ կողմեր այդ ինտեգրումն օգտագործում են որպես զենք, իսկ գոյություն ունեցող կանոններն այլևս չեն սահմանափակում նրանց նկրտումները:

«Այսօր մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանայինք տեսնել։ Այժմ անվտանգության և բարգավաճման ոլորտները դուրս են գալիս ավանդական սահմաններից (պարեն, էներգետիկա և պաշտպանություն)՝ ընդգրկելով ամեն ինչ՝ տիեզերական կապից մինչև կիսահաղորդիչներ, թվային ինքնիշխանությունից մինչև ռազմավարական հումք, անկախ վճարային համակարգերից մինչև մաքուր էներգիա և պատվաստանյութեր։ Մեր ռազմավարական խնդիրն է զարգացնել այս ինքնիշխան կարողությունները ամենահուսալի գործընկերների հետ, ինչը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում Կանադայի և Եվրոպայի միջև»,- հավելել է Կանադայի վարչապետը։

Մարկ Քարնին ընդգծել է, որ Կանադան իր գործընկերների հետ աշխատում է հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ՝ թվային տեխնոլոգիաներից մինչև պաշտպանություն, մատակարարման շղթաներից մինչև անվտանգություն։ Նա նշել է, որ մեծ պատիվ է լինել առաջին ոչ եվրոպական երկիրը, որը մասնակցում է ԵՄ անվտանգության այս նախաձեռնությանը, և հայտնել է, որ Կանադան արդեն 18 միլիարդ դոլարի պայմանագրեր է ստորագրել ռազմավարական հումքի ոլորտում։

Քարնին պարզաբանել է, որ եվրոպական գործընկերների հետ Կանադան համագործակցում է տեխնոլոգիական ողջ տիրույթում՝ արհեստական բանականությունից մինչև տիեզերք։ «Մենք էներգետիկ գերտերություն ենք. աշխարհում նավթի արդյունահանման ծավալներով երրորդն ենք, իսկ բնական գազի արդյունահանմամբ՝ չորրորդը։ Մենք վճռական ենք տրամադրված մեր քաղաքացիներին ու գործընկերներին ապահովելու հուսալի և մատչելի էներգիայով։ Ի վերջո, ուզում եմ նշել, որ մենք այստեղ ենք նաև մեր համագործակցության բարոյական սկզբունքների ու անվտանգային պահանջների բերումով՝ թե՛ Կովկասում, թե՛ Մերձբալթիկայում, թե՛ Ուկրաինայում և թե՛ ողջ Եվրոպայում։ Մեզ այստեղ է բերել նաև մեր գործընկերության հսկայական ներուժը՝ կառուցելու ավելի լավ, բարգավաճ, կայուն և արդար աշխարհ։ Ես հաստատապես հավատում եմ, որ միջազգային կարգը կվերականգնվի»,- եզրափակել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր