Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։ Նրան դիմավորել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հարևան երկիր է եկել:
Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մասնակիցներն այս պահին ժամանում են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվելու է գագաթնաժողովը։
Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր հրավիրվել է ոչ եվրոպական երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։