Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր տեսակապով կմիանա Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։
Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։ Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։