00:00:00

Ի՞նչ ենք մենք ուզում մայիսի 4-ի գագաթնաժողովից. Արման Թաթոյան

12:50, 03 մայիս 2026 Քաղաքականություն

Մայիսի 4-ին Երևանում կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը։ Հաջորդ օրը կկայանա Հայաստան–ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովը։ Սա լուրջ իրադարձություն է, ասել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։

«Ամեն օր չէ, որ մեր մայրաքաղաք են գալիս ավելի քան քառասուն պետությունների ղեկավարներ։ Ամեն տարի չէ, որ Հայաստանը դառնում է ամբողջ Եվրոպային վերաբերող քննարկման հարթակ

Հենց այդ պատճառով ուզում եմ խոսել մեկ այլ բանի մասին։

Լուրջ իրադարձությունը դեռ չի նշանակում լուրջ արդյունք։ Այստեղ պետք է լինի կոնկրետ աշխատանք, այլ ոչ թե արարողություն։ Եվ եթե մայիսի 6-ին կարդանք «ժողովրդավարական բարեփոխումներին անվերապահ աջակցություն» և «գործընկերության խորացում» ձևակերպումներով վերջնական հայտարարություններ, դա կնշանակի միայն մեկ բան՝ գագաթնաժողովն անցել է անիմաստ` գեղեցիկ, թանկ ու անիմաստ։

Դիվանագիտության մեջ կա կանոն` եթե դու քեզ համար չես սահմանում, թե ինչը պետք է քեզ համար դառնա հաջողություն, հաջողություն կդարձնեն ցանկացած արդյունք։ Այդ պատճառով սկսենք նրանից, որ կոչենք իրերն իրենց անուններով՝ մինչև գագաթնաժողովը, ոչ թե գագաթնաժողովից հետո։

Վիզաների ազատականացում` ոչ թե «աշխատանքը շարունակվում է», ոչ թե «շարժվում ենք դեպի», ոչ թե «դրական դինամիկա»։ Պետք է լինի այսպես` կա´մ վիզաների ազատականացումն ուժի մեջ է մտնում այս տարի, կա´մ ստանում ենք հստակ օրացուցային ժամկետ։ Եթե չկա կոնկրետ ժամկետ, չկա նաև արդյունք։ Մոլդովան ու Վրաստանն անցել են այս ճանապարհը ոչ թե որովհետև բացառիկ են, այլ որովհետև պահանջել են կոնկրետություն ու ոչ թե շնորհակալություն են հայտնել ուշադրության համար։

Արցախից տեղահանվածներ։ Հարյուր հազարից ավելի մարդ` սա մարդասիրական վիճակագրություն չէ, այլ կառուցվածքային խնդիր՝ բնակարան, աշխատանք, կրթություն, փաստաթղթերի վերականգնում, գույքային իրավունքներ, ճանաչում։

Այս հարցում Եվրոպայից մեզ պետք է երկու բան։ Առաջինը՝ իրական գումարներ․ ոչ թե, ասենք, 10 միլիոն «քաղաքացիական հասարակության աջակցությանը», այլ հարյուրավոր միլիոնների գործիքներ՝ տարիների հեռանկարով: Երկրորդ, քաղաքական ճնշում Բաքվի վրա՝ վերադարձի, փոխհատուցումների, մշակութային ժառանգության, քաղբանտարկյալների հարցերով։ Առանց սրա աջակցությունն ուղղակի անիմաստ բարեգործություն է։ Պետք է լինեն երկուսը միասին, որ դա դառնա քաղաքականություն։

Ներդրումներ` ոչ թե դրամաշնորհներ կամ «փորձնական ծրագրեր»։ Կառուցվածքային ներդրումներ՝ էներգետիկայի, տրանսպորտային միջանցքների, թվային կապակցվածության, ջրային տնտեսության ոլորտներում։ 10 միլիոն «ժողովրդավարության աջակցությանը» ներդրում չէ, դա PR նպատակով արված ծախս է։ Լուրջ երկիրը գործընկերներից ստանում է կոնկրետ նախագծեր, որոնք փոխում են իր տնտեսական աշխարհագրությունը, այլ ոչ թե ընդամենը տողեր են դառնում բրյուսելյան հաշվետվություններում։

Առևտրային խոչընդոտներ։ Այստեղ պետք է պարզ չափանիշ` ԵՄ-ի հետ առևտրի կանոնները չպետք է լինեն ավելի վատ, քան ԵՄ-ն սահմանել է Թուրքիայի համար։ Եթե չլինեն ավելի լավը, գոնե պետք է լինեն նույնը։ Այսօր հայ արտադրողը եվրոպական շուկա դուրս գալու համար ավելի շատ է վճարում, քան թուրքականը։ Սա աշխարհաքաղաքականության հարց չէ, սա մաթեմատիկա է։ Գագաթնաժողովը, որն այս «մաթեմատիկան» որևէ կերպ չի փոխում, գագաթնաժողով է, որից հետո հայ արտահանողը ապրում է նույն երկրում, ինչ նախկինում։

«Կա´մ մեզ հետ, կա´մ Ռուսաստանի հետ»: Այս հռետորաբանությունը պետք է դադարեցնել։ Դա պետք է անել` ելնելով ոչ թե քաղաքավարությունից, այլ իրատեսությունից։ Ռուսաստանում ապրում և աշխատում են հարյուր հազարավոր հայեր։ Նրանք տուն են ուղարկում գումարներ, որոնցով ապրում են Գեղարքունիքում, Շիրակում, Տավուշում ու այլ բնակավայրերում: Հայաստանը չի կարող և չպետք է հրաժարվի իր մարդկանցից` հանուն ուրիշների։ Եվրոպայի հետ գործընկերությունը չի պահանջում, որ մենք դադարենք լինել հայ ու Հայաստան։ Եթե պահանջում է, ուրեմն դա գործընկերություն չէ։ Այս ամենին գումարած դարավոր բարեկամությունը ռուս ժողովրդի հետ, մշակութային կապերը:

Անվտանգություն։ Այստեղ ամենաշատը հռետորաբանությունն է և ամենաքիչը՝ իմաստը։ Նախապես ասեմ՝ ինչ չպետք է լինի վերջնական արդյունքում․ խոստումներ «մեկ բրիգադը ՆԱՏՕ-ի չափանիշներով զինելու» մասին։ Սա մամուլի հաղորդագրությունների խաղալիք է, ոչ թե օգնություն երկրին։ Իրական աջակցությունն անվտանգության հարցում հետախուզական համագործակցությունն է, սահմանին մոնիթորինգային առաքելությունը՝ հստակ մանդատով ու ժամկետներով, կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբերհարձակումներից, գերիների և անհայտ կորածների գործերով աշխատանքը միջազգային ատյաններում։

Սա հնարավոր է անել։ Սա պետք է անել։ Սա արդյունք է, ոչ թե դեկորացիա, ձևականություն։

Ես հասկանում եմ՝ ինչպես է աշխատում այս մեխանիկան։ Գագաթնաժողովը կավարտվի, ասենք, փաստաթղթով, որը գրված է այնպիսի լեզվով, որտեղ մեզ ամեն ինչ ասել են, բայց միևնույն ժանանակ ոչինչ չեն խոստացել։ Իշխանությունը դա կներկայացնի որպես հաղթանակ, ընդդիմությունը՝ որպես պարտություն։ Մեկ շաբաթ անց բոլորը կմոռանան։

Ես առաջարկում եմ այլ մոտեցում` Հայաստանի քաղաքացիներն իրենք որոշեն, թե ինչպես կարդալ մայիսի 4-ի արդյունքը։ Վիզաների ազատականացում՝ կոնկրետ ժամկետը կհամարենք հաջողություն, իսկ ժամկետի բացակայությունը` ոչ։ Կառուցվածքային ներդրումներ՝ գիգավատներով և կիլոմետրերով՝ հաջողություն, «ժողովրդավարության աջակցություն»՝ ոչ։ Իրական աջակցություն տեղահանվածներին՝ Բաքվի վրա ճնշմամբ՝ հաջողություն, մարդասիրական տրանշներ առանց ճնշման՝ ոչ։ Առևտրային խոչընդոտների նվազեցում մինչև Թուրքիայի մակարդակ՝ հաջողություն, «ճանապարհային քարտեզ» առանց ժամկետների՝ ոչ։

Եթե գագաթնաժողովի արդյունքը կրկին լինի ինչ-որ անորոշի անվերապահ աջակցության մասին հայտարարություն, դա կլինի ոչ թե դիվանագիտական հաջողություն, այլ մասնագիտական ձախողում։ Ոչ թե Եվրոպայի, այլ՝ մեր։

Լուրջ երկիրը գործընկերների մոտ գնում է պահանջների ցուցակով, ոչ թե շնորհակալություններ ստանալու հույսով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր