Այսօր լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ թեև հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվել է, դրա մարդասիրական հետևանքները շարունակում են մնալ հրատապ խնդիր։
Մեկնաբանելով Հայաստանի մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ դիմումը՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումից առաջ՝ նա, մասնավորապես, նշել է. «Այս անձանց հետ կապված հարցը նույնպես քաղաքականացվում է, մինչդեռ այստեղ գործում է օրենքը. Ադրբեջանի դատական մարմինները համապատասխան որոշումներ են կայացրել այդ անձանց վերաբերյալ օրինական ճանապարհով։ Որտեղ կա հանցագործություն, կա պատիժ։ Այս ռազմական հանցագործների դեմ ձեռնարկվել են անհրաժեշտ իրավական քայլեր՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների։
Նման դիմումների դեպքում Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները պետք է նաև պարզաբանեն, որ Ադրբեջանի քաղաքացիները շարունակում են «տառապել ականների խնդրից»։ Բացի այդ, վերջերս Հայաստանի տարբեր շրջանակներ սխալ և սադրիչ դիրքորոշումներ են ընդունել Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը-խմբ.) և այլ քաղաքներում վերականգնման և շինարարության գործընթացներին վերաբերող տարբեր հարցերի վերաբերյալ»:
Հաջիևի խոսքով՝ «Ադրբեջանն այս տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, և այս գործընթացի շրջանակում համապատասխան քայլեր են ձեռնարկվում՝ «օկուպացիայի» ընթացքում «անօրինական կերպով կառուցված որոշակի կառույցների վերաբերյալ»։
«Այս տարածքների քաղաքաշինության սկզբունքների և Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ «օկուպացիայի» ընթացքում «օկուպացիոն» ուժի կողմից իրականացված տարբեր շինարարական նախագծերը, որոնք խախտում են երկրի սեփականության իրավունքը և ինքնիշխանությունը, համարվում են անօրինական։ Նման անօրինական շինարարական նախագծերի քանդումը և դրանք քաղաքաշինության և նախագծման ընդհանուր պլաններին համապատասխանեցնելը անհրաժեշտ պայման է։ Մեր երկիրը նույնպես քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածածին մայր տաճարը: