00:00:00

«100 տարի անց՝ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» լուսանկարների ցուցադրությունը՝ Գյումրիում

23:01, 25 ապրիլ 2026 Հասարակություն

 

 

Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանում բացվել է «100 տարի անց՝ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։ Միջոցառումը նվիրված է նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույզ, գիտնական, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ու նրա հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին։

Թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի խոսքով՝ ցուցադրությունը կյանքի է կոչվել «Կումայրի» արգելոց-թանգարանի, Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և Նորվեգիայի Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտի համատեղ ջանքերով:

«Ցուցադրությունը յուրօրինակ հիշեցում է Նանսենի անուրանալի ներդրման մասին՝ Մեծ եղեռնից փրկված և գաղթականության ծանր պայմաններում հայտնված հայ ժողովրդին աջակցելու գործում։ Ներկայացված են ինչպես նրա Հայաստան այցի վավերագրական կադրերը, այնպես էլ հեղինակային լուսանկարներ ու դրվագներ հուշերից, որոնք բացահայտում են Նանսենի ողջ էությունը՝ որպես ուսումնասիրող, գիտնական, դիվանագետ և մեծ մարդասեր»,-նշեց Ինգա Ավագյանը:

Նանսենի հասարակական գործունեության մեջ առանցքային տեղ են զբաղեցրել հայանպաստ աշխատանքը, Հայ դատի արդարացի լուծմանն ուղղված ջանքերը և գաղթականների վիճակի բարելավումը։ Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը:

Ցուցադրության գլխավոր հատվածներից մեկը նվիրված է «Նանսենյան անձնագրին»։ Այն անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որը տրվում էր փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց։ Նանսենի նախաձեռնությամբ՝ 1922 թ. Ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ ստեղծված այս փաստաթուղթը ստացել է ավելի քան 450 հազար գաղթական, որոնցից շուրջ 320 հազարը՝ Մեծ եղեռնից փրկված հայեր։

Ֆրիտյոֆ Նանսենի կապը Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) հետ հայ ժողովրդի պատմության ամենամարդասիրական էջերից է։ 1925 թվականին այցելելով Հայաստան՝ նա եղել է Ալեքսանդրապոլում, որն այն տարիներին հայ որբերի խնամքի հիմնական կենտրոնն էր։ Նանսենն անձամբ է ծանոթացել որբանոցների պայմաններին, ճաշել երեխաների հետ և հետագայում Ազգերի լիգային ներկայացրած իր զեկույցներով միջոցներ ձեռնարկել նրանց օգնելու համար։

Նանսենի հեղինակած «Հայաստանում» (1927 թ.) ծավալուն գիրքը, որը տարբեր լեզուներով հրատարակվել է նաև «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» ու «Խաբված ժողովուրդ» վերնագրերով, մինչ օրս համարվում է Անտանտի և Ազգերի լիգայի դեմ ուղղված հզոր մեղադրական՝ հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած անտարբերության համար։

Ցուցադրությունը Գյումրիի բնակիչների և քաղաքի հյուրերի համար բաց կլինի մինչև սույն թվականի մայիսի 10-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր