Այս այցի ընթացքում Ադրբեջանն Ուկրաինային տրամադրել է հինգ ուղեւորատար ավտոբուս՝ որպես հումանիտար օգնություն մեր համայնքների կարիքների համար, Х սոցցանցում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Ուկրաինացի նախարարի խոսքով՝ 2022-ից Ադրբեջանը բազմիցս ավանդ է ներդրել ուկրաինացի ժողովրդի աջակցության գործում։
«Մասնավորապես, տրամադրել է ավելի քան 45 միլիոն դոլարի հումանիտար օգնություն, այդ թվում՝ հզոր գեներատորներ, տրանսֆորմատորներ եւ կարեւորագույն սարքավորումներ, որոնք օգնում են պահպանել մեր էներգետիկ համակարգի գործունեությունն անընդհատ գրոհների պայմաններում։
Պակաս կարեւոր չէ մեր երեխաների աջակցությունը։ Ավելի քան 500 ուկրաինացի երեխա մասնակցել է Ադրբեջանում վերականգնողական ծրագրերին, ինչը հատկապես գնահատելի է պատերազմի ժամանակ։ Մենք խորապես գնահատում ենք այս համերաշխությունը, քանի որ այն օգնում է Ուկրաինային կանգուն մնալ եւ առաջ շարժվել»,- գրել է Սիբիգան։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել բանակցություններ։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Ի թիվս այլ բաների՝ երկու երկրները ստորագրել են ռազմարդյունաբերական համագործակցության մասին համաձայնագիր։