Նիցցայի քաղաքապետարանի ճակատային հատվածում տեղադրվել է Բաքվի բանտերում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավի լուսանկարները:
«Խայտառակ դատավարությունների հետևանքով 20 հայ շարունակում է մնալ Բաքվի բանտերում: Ադրբեջանական ռեժիմը փորձում է նրանց ջնջել մեր հիշողությունից։
Նիցցան ժամանակին գրկաբաց ընդունել է 1915 թվականի ցեղասպանության վերապրածներին, իսկ այսօր կրկին մենք կանգնում ենք հայերի կողքին: Նիցցա քաղաքը ճանաչում է գերիների դեմքերը, գիտի անունները և թույլ չի տա, որ նրանք մոռացության մատնվեն: Այսօր, Նիցցայի հայ համայնքի կողքին սատար կանգնած, մենք պահանջում ենք գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Պատրաստվում եմ Արցախի 20 հայ բանտարկյալներին Նիսի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Սա կարևոր խորհրդանշական քայլ է՝ ի նշան Բաքվում անարդարացիորեն ազատությունից զրկվածների հանդեպ մեր ունեցած համերաշխության»,- հայտարաել է Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտին։
Հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նաև միջոցառում, որտեղ ներկայացվել է արցախյան հակամարտության և 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների պատմությունը: