Քննչական կոմիտեից հայտնում են.
«ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը:
Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։
Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից:
ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։