Այն պայմաններում, երբ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, բոլորը գիտեն, թե այդ ուժերն ինչու են մասնակցում, ինչ են ասում և ով է նրանց վարչապետի թեկնածուն, ըստ հարցումների՝ ընտրողների շուրջ 30%-ը, որոշ դեպքերում 40%-ը չգիտի, թե ում օգտին քվեարկել։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Ըստ քաղաքական գործչի, նախ՝ ընտրողները դեռ չեն որոշել՝ կգնա՞ն ընտրության, թե՞ ոչ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ավելի քան մեկ միլիոն մարդ ընտրության չի գնում և չգիտի՝ կգնա՞ արդյոք։
«Ինչո՞ւ։ Որովհետև այդ մեկ միլիոն մարդը այս գործընթացի մեջ մտած ու հայտ ներկայացրած ուժերի մեջ չի տեսնում այն «պրոդուկտը», որի համար պետք է գնա ընտրության»,- ընդգծել է Մարուքյանը։
Այսինքն, ըստ կուսակցության առաջնորդի, այդ քաղաքական ուժերին չի հաջողվել ներկայացրած «պրոդուկտով» գրավել ընտրողների սրտերը։
«Եվ այս ֆոնին մենք ասում ենք. «Լուսավոր Հայաստանը» մտնում է ընտրական գործընթաց, այլ ոչ թե վարչապետի շուրջ ձեր «կռիվների» մեջ, որովհետև կա մի բացասական երևույթ. ընդդիմության մեջ բոլորը համաձայն են, որ պետք է իշխանափոխություն լինի, բայց ոչ բոլորն են համաձայն, թե ով պետք է գա իշխանության»,- նշել է քաղաքական գործիչը։
«Մենք ասում ենք՝ սիրելի՛ ժողովուրդ, մենք ձեզ չենք խաբի, սրանք խորհրդարանական ընտրություններ են, մենք գնում ենք խորհրդարան։ Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ պաշտպանված լինեն»,- ասել է Էդմոն Մարուքյանը։