00:00:00

Նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

01:44, 02 հունիս 2018 Տնտեսություն

Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել «Կառուցողական երկխոսության հանձնառություն  ծրագրի» հիմնական ուղղությունները և համագործակցության հնարավոր եզրերը: Ծրագրի ուղղություններն են՝ հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգը, փաստարկված քաղաքականությունների մշակումը, կոալիցիաների ստեղծումը և զարգացումը, ինչպես նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցությունը, երկխոսությունը կառավարության և ՏԻՄ-երի հետ: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի խոսքով՝ նման հանդիպումների համար անհրաժեշտ է մշակել գրագետ աշխատանքային ձևաչափ, ապահովել հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին: «ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ որպես հանրային ֆինանսների ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմին, պատրաստ է համագործակցել Ձեզ հետ իր գործառույթների շրջանակներում և քննարկման անհրաժեշտ խնդիրների դեպքում սահմանել արագ արձագանքման սխեմա. քննարկումները դարձնել ավելի ակտիվ և կառուցողական»,- ասել է Կարեն Բրուտյանը: «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը կարևորել է նման համագործակցության հարթակի ստեղծումը, որը կբարձրացնի հասարակական կազմակերպությունների ինստիտուտի դերը երկրի համար կարևոր որոշումների կայացման գործընթացում: Նրա  խոսքով՝ այս ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության  կազմակերպություններ- կառավարություն երկխոսության ամրապնդմանը և նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում  քաղաքականությունների մշակման վրա: Հանդիպման ավարտին որոշվել է նման քննարկումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում և գործընթացների վերահսկողություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր