00:00:00

Խոշոր սուպերմարկետները հանդիպում են պահանջում Փաշինյանից՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար

23:54, 01 հունիս 2018 Տնտեսություն

Մթերային ցանցային խանութները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն են հայտնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը հայտնվել է ռիսկի տակ։ Հայտարարությունը մեջ ասվում է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ: Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ եւ գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով եւ վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է եւ հիմա պահանջում է եւս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել: Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաեւ թե առեւտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ: Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու համար»: Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան, «Կրպակ» սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան, «Կայզեր» սուպերմարկետների ցանց` Պարթեւ Պետրոսյան, «Սաս Գրուպ» սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան, «Պարմա» սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան, «Ծիրան» սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան, «Էվրիկա» սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով, «Վաս գրուպ» սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան, «Դանիելյան» սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան, «Շիրակ» խանութների ցանց՝ Գոռ Գեւորգյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր